Արմաշում խաղաղ ընտրություններ են սպասվում…Հակոբ Զեյնալյան

31

Սեպտեմբերի 18-ին հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում համայնքապետերի և ավագանիների ընտրություններ են, մասնավորապես նաև՝ Արարատի մարզի Արարատի տարածքի Արմաշ գյուղում, որտեղ հանդիպեցինք գործող գյուղապետ Հակոբ  Զեյնալյանի  հետ և զրուցեցինք գյուղի, գյուղացու հոգսերի, կատարված հսկայածավալ աշխատանքների, առաջիկա ընտրությունների, պատգամավորների ու համայնքներին վերաբերող ռեֆորմների մասին:

– Պարոն Զեյնալյան, ինչպե՞ս է ապրում Արմաշ գյուղը, արմաշցին, ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:

-Մեր գյուղացիների սոցիալական վիճակը առանձնապես չի տարբերվում ամբողջ Հայաստանի բնակչության վիճակից: Թեև՝ Արմաշ համայնքի առանձնահատկությունն այն է, որ բնակչության մոտ 80 տոկոսն աշխատանք ունի գյուղում ,մի մասն աշխատում է «Մանանա Գրեյն»-ում ,մյուս մասը զբաղված է ձկնաբուծարանում աշխատանքով,մոտ 180 հոգի պետական կառույցներում՝՝ դպրոց,մանկապարտեզ,գյուղապետարան,գրադարան,Արմաշ առողջության կենտրոնում և այլն…կամ կարելի է ասել մոտ 550 աշխատատեղ կա գյուղում ,որը մեծ հաջողություն եմ համարում : 650 տնտեսություն,2700 բնակչություն ունի գյուղը, որտեղ փակ դռներ չկան, արտագնա աշխատանքի մեկնողներ կան իհարկե, սակայն այս տարի ավելի քիչ են հակված դեպի Ռուսաստան աշխատանքի մեկնելուն: Ընտանիքներ էլ կան, որոնք արդեն ուզում են ընտանիքներին տանել իրենց մոտ:

-Արմաշ գյուղն ի՞նչ հիմնախնդիր ունի:

– 2000 թ.-ից, երբ ընտրվել եմ գյուղապետ, բազում խնդիրներ կային. խմելու ջուր չկար, մարդիկ հարևան համայնքից էին այն բերում, մինչդեռ այսօր մատերի վրա կարելի է հաշվել հիմնախնդիրները: Դրանք են՝ դպրոցի և գյուղամիջյան ճանապարհների հիմնահարցերը, որոնք գյուղապետարանի բյուջեի միջոցներով միայն լուծելու մասին անհնար է անգամ մտածել: Մինչդեռ` դրանց լուծման դեպքում այս գյուղում կարձանագրվի, որ գյուղապետարանն արել է ամեն ինչ:

-Իսկ անցած ընտրություններում Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել:

– Ես որևէ խոստում չեմ տվել, 2000 թ.-ին ասել եմ, որ անելու եմ այնպես, որ արմաշցին լավ ապրի:Ես երբեք ընտրությունների դռնեդուռ չեմ ընկել ,համագյուղացիներս տեսել են իմ աշխատանքը և իրենց ձայնը տվել են ինձ:Կատարածս աշխատանքներից այս վերջին 4 տարիների ընթացքում բավականին լայնածավալ են :Շնորհիվ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ,ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և «Մանանա Գրեյն»-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի նախաձեռնությամբ և անմիջական միջնորդությամբ  մոտ 300 մլն.դրամի ներդրում եղավ Արմաշում:Համակարգեցինք գյուղի համար ավելի կարևոր խնդիրները և անցանք գործի:110 մլն.դրամի ներդրմամբ 9 կմ ոռոգման ջրի ներքին ցանցը ամբողջությամբ փոխվել է,որը սպասարկում է 240 հեկտար տարածքի հեռանկարային ոռոգում:Կենտրոնական և գյուղամիջյան փողոցներն են ասֆալտապատվել մոտ՝40 մլն դրամի ներդրմամբ, անկացրել ենք գիշերային լուսավորություն:

Նշեմ , որ գյուղի մանկապարտեզը գործում է անխափան:Մշտապես գտնվում է գյուղապետարանի ուշադրության կենտրոնում:Այս տարի մարզպետի հրատապ ծրագրով 30. մլն դրամ հատկացվեց մանկապարտեզին ,կատարվեցին մի շարք աշխատանքներ ,նշեմ ,նաև որ ներդրում եղել է նաև գյուղապետարանի բյուջեից: Գյուղապետարանը շենքն ենք մասնակի, բյուջեի հաշվին վերանորոգել,կարգի են բերվել մի քանի աշխատասենյակներ: Այժմ էլ` շինարարության մեջ ենք, խմելու ջրի ցանցի ջրամբարի ՕԿՋ-ի կառուցման համար 12. մլն դրամ է հատկացված,որը կառուցելուց հետո գյուղում նորմալ սպասարկում կապահովի:

-Ի՞նչպես են նշվում տոները՝ Արմաշում:

Ավանդույթի ուժով և մեծ տոնակատարությամբ նշում ենք մայիսի 9-ը` հրավիրում վետերաններին ու ազատամարտիկներին,  մարտի 8-ը, ևս ավանդույթ դարձած, նշում ենք Կանանց տոնը, հարյուրավոր նվերներ ենք բաժանում թոշակառուներից սկսած մինչև երիտասարդ կանանց ու աղջիկներին…

-Սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում, այդ թվում` Արմաշում համայնքապետի ընտրություններ են, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը` վերընտրվելու համար:

– Առաջադրվելու եմ, և այնքան ժամանակ, որքան առողջությունս կների: Անելու եմ ամեն ինչ, որ արմաշցու կյանքը բարելավվի: Ես երբևէ որևէ խոստում չեմ տվել և չեմ տալիս, սակայն անելու եմ ամեն ինչ, որքան կարողանում ենք անել գյուղի բյուջեով ու կարողությունների սահմաններում:

– Մրցակիցներ կունենա՞ք:

– Ինձ դա չի հետաքրքրում, հավատացե´ք: Եթե գյուղացիները գտնեն, որ այլևս պետք չէ, որ ես գյուղապետ լինեմ, անձայն կհեռանամ: Եթե կհայտնվի որևէ մեկն, ով կասի` ես եմ ուզում լինել գյուղապետ, ու կհասկանամ, որ չի գալիս արածս թալանելու, այլ շենացումը շարունակելու, կզիջեմ:

-Պարոն Զեյնալյան, ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները մարզպետի հետ.  խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը, և տարածքի պատգամավոր  Արայիկ Գրիգորյանը հավաքներ են կազմակերպում և համայնքապետի իրենց թեկնածուներին են առաջարկում ընտրել։ Ձեր պարագայում նման մտավախություն չունե՞ք։

-Ասեմ, որ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են մարզպետի և ԱԺ պատգամավորի հետ։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ո՞նց կարող են մարզպետն ու պատգամավորը ՏԻՄ ընտրություններում օգնել, որ ինչ որ մեկն ընտրվի կամ չընտրվի։ Ինձ ընտրողն իմ գյուղացին է։ Ես եմ ամեն օր շփվում իմ գյուղացիների հետ, բոլորին ճանաչում եմ, գիտեմ իրենց  բոլոր խնդիրները, հոգսերը. ո՞վ կարող է գալ, մարդուն ասել՝ ընտրի կամ մի ընտրի: Գյուղացին միշտ էլ ազնիվ է. նա քարից հաց քամող մարդ է, նա իր խղճի մտոք է առաջնորդվում։

-Սովորաբար Վեդու և Արարատի  տարածքը հանրության մոտ ասոցացվում է  ԱԺ պատգամավոր՝ Արայիկ Գրիգորյանի և Բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյանի ազդեցության տարածքներ, նրանք բարեգործական ծրագրեր իրականացնո՞ւմ են, օրինակ, Արմաշ գյուղում:

– Իրենք արդեն այնքա~ն բարեգործություն են արել`ոչ միայն արմաշցիների համար, որ լիուլի բավարար է: Նրանք իհարկե շատ մարդկանց օգնում են, բարեգործություններ անում, սակայն իրենց արածի մասին երբեք չեն խոսում, որ դրանց զուգահեռ բարեգործությունների մասին կարիք չկա խոսելու, միայն շնորհակալություն հայտնենք իրենց ներդրած նվիրման համար:

  Համայնքը և, մասնավորապես, նրա մարզամշակութային կյանքը զարգացնելու հարցում որևէ տարակարծություն կամ թյուր ըմբռնում չկա և չի կարող լինել: Համախմբված են, միասին են աշխատում: Համայնքապետի  հավաստմամբ, այս ամենն ստեղծվել է համագյուղացիների հանդեպ ունեցած հարգանքով և  ամեն լավի հիմքում ընկերական սերն ու նվիրումն է: Արդյունքում համայնքն այսօր ճանաչված է հանրապետությունում, արված աշխատանքն արժանիորեն է գնահատվել:Դպրոցը շնչում, ապրում է ազգային, հոգևոր արժեքներով, մեր պատմության արժանահիշատակ դեպքերն ու իրադարձություններն են նրա պատերից ներս պատկերավոր ներկայացված, միջանցքով սփռված ծաղկե բացատն է աչք շոյում…
  Կրթօջախին իր հերթին օգնում ու հովանավորում է ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը:Դպրոցում կատարվել են մոտ 30 մլն դրամի շինաշխատանքեր՝ներքին հարդարման և ցանկապատման աշխատանքեր: Նրա նախաձեռնությամբ վերանորոգվել ու ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհները: Պատգամավորն, առհասարակ, օգնում է մարզի բոլոր դպրոցներին և ուշադիր է նրանց հիմնախնդիրների նկատմամբ: 
Երեխաների մեջ համակողմանի սեր է դաստիարակվում շրջապատող աշխարհի նկատմամբ, նրանք գիտելիքների բավարար պաշարով ու ձևավորված աշխարհայացքով են կյանք մտնում: Հայեցի կրթություն, դաստիարակություն, որ կոչված է հայրենի երկրի վաղվա քաղաքացու ճիշտ կողմնորոշմանը: Նաև`մարդասիրության դասեր, որ շատ կարևոր ու առանցքային է մեր այս ժամանակներում: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պարտադիր նրա տուն-թանգարան են այցելում…
Դպրոցի հաջողությունների գործում իր ավանդն ու մասնակցությունն ունի նաև մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Արմաշ գյուղ կատարած մեր այցելության ընթացքում պարզեցինք մի շատ կարևոր հանգամանք. Հակոբ Զեյնալյանի ղեկավարած 16 տարիները զուր չեն անցել: Այդ է վկայում այն առաջընթացը, որ ակնառու է գյուղական այս համայնքում, նաև՝ գյուղացիների կողմից հնչեցրած դրական ու լավատեսական արձագանքները։

Մեզ մնում է միայն  արմաշցիներին ու նրանց ղեկավարին առաջիկա ընտրություններում մաղթել հաջողություն, հաղթանակ, իսկ ապագայում՝  նորանոր ձեռքբերումներ…

Mnews.am