Պատմական համայնքի ղեկավարը պետք է թողնի պատմական աշխատանք…Հովնան Ավետիսյան

16
Երվանդաշատ համայնքի ղեկավար՝Հովնան Ավետիսյան
Երվանդունիների արքայասնիստ քաղաք Երվանդաշատը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում: Այն որպես մայրաքաղաք փոխարինել է Արմավիրին: Երվանդաշատի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Պատմահայր Մովսես Խորենացու մի հիշատակությունը, որոշ չափով յուրովի ընդունելու պատճառով երկար ժամանակ նույնիսկ սխալ էին պատկերացնում մայրաքաղաքի դիրքը: Այն սովորաբար տեղադրում էին Արաքսի աջ ափին, Ախույանի գետնախառնուրդի մոտ: Բայց շուտով շտկվեց պատմաշխարհագրական այդ սխալը: Հայ ճարտարապետության պատմության մեծ մասնագետ Թ. Թորոմանյանի մի կարճատև ուղևորությունը դեպի այդ վայրերը բավական էր, որ ճշտվեր  Երվանդաշատ մայրաքաղաքի և Երվանդակերտ բերդի աշխարհագրական դիրքը: Դրանք իրոք որ գտնվում էին Ախուրյան և Արաքս գետերի խառնարանի մոտ, ինչպես հիշատակում է Խորենացին, Երվանդաշատը` Արաքսի ձախ ափին, իսկ Երվանդակերտը` աջ և ոչ հակառակը: Երվանդաշատը  հիմնադրվել է Երվանդյան վերջին թագավոր Երվանդ Դ-ի (մ.թ.ա 220-200թթ.) օրոք, ով անմիջապես նախորդել է Արտաշեսին:
Երվանդաշատ  գյուղը գտնվում է Արմավիրի մարզում՝Արաքս և Ախուրյան  գետերի միախառնման անկյունում, մեղմաթեք սարավանդի վրա։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 975 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք։ Բնակիչների մի մասը եկել է Անիի և Թալինի տարածաշրջաններից։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Գյուղի մոտ պահպանված են Երվանդաշատ մայրաքաղաքի (մ.թ.ա. 3-րդ-2-րդ դդ.) ավերակները և 4-5դդ. բազիլիկ եկեղեցին։
Երվանդաշատը լինելով վաղեմի պատմություն ունեցող համայնք, միշտ տարբերվել է  և դեռ կշարունակի տարբերվել իր հնամենի պատմություն ունեցող գեղատեսիլ վայրերով: Մինչ համայնք մուտք գործելը կարողացանք զմայլվել և ապրել արդեն իսկ պատմության քառուղիներ անցած գյուղի չնաշխարիկ բնությամբ:
 Երվանդաշատ համայնքի  ղեկավար է հանդիսանում անկուսակցական  Հովնան Ավետիսյանը, ով փորձեց համառոտ կերպով ներկայացնել համայնքի գերխնդիրներն ու անելիքները:
 
-Պարոն Ավետիսյան ներկայացրեք խնդրեմ համայնքն իր խնդիրներով հանդերձ , ականատեսի աչքերով: 
-Երվանդաշատ համայնքը գտնվելով բավականին մոտ սահմանին, ունի շատ տարաբնույթ առօրյա: Մեր բնակչությունը սիրում է զբաղվել թե՛ գյուղատնտեսական գործերով, թե՛ առօրեական միջոցառումներով: Բնակչությամբ գրեթե 827 բնակիչ ենք: Երվանդաշատցին շատ հյուրասեր է, մենք այդ ամենը ժառանգել ենք գեներով և պատրաստ ենք փոխանցել մեր սերունդներին 26 տարի է ինչ աշխատում եմ համայնքում։
-Որո՞նք են այն խնդիրները, որոնց վերջին ժամանակահատվածում լուծում տվեցիք:
-Լուսավորության հարցն ենք  վերջնական լուծում տվել,ամբողջ գյուղը լուսավորված է, շինարարական աշխատանքներ ենք արել, ինչպես նաև ճանապարհների նորոգում ենք իրականացրել։ Հենց արդեն գյուղի վերևից երևում է հուշատեղի կառուցեցինք մարզպետի հովանավորությամբ, ինչպես նաև եկեղեցու հիմնասյուներն են դրված, որը շուտով կունենանք։ Առաջ ավելի խնդիր էր, որ քաղաքամերձ էինք, սակայն փորձում ենք հարթել նմանատիպ խնդիրները։
-Արդեն իսկ հրատապ դարձած խնդիրները կնշե՞իք:
-Երևի թե առաջնայինը նշեմ, գազաֆիկացումը: Արդեն իսկ այս  հարցում  նախահաշվարկն արված  է։ Գազաֆիկացման ծրագիրը դեռևս իրականացված է,դա մեր նախագահի ծրագրերից մեկն է…Գյուղը փոքր է, բյուջեն`քիչ, հոգսերը շատ…ամենամեծ խնդիրը մեր գյուղի համար, որը բյուջեով անհնար է  իրականացնել, միայն կառավարության ծրագրով է հնարավոր, հիմնանորոգել  մշակույթի տունը, մանկապարտեզ կառուցել: Գյուղը պետական ներդրումների կամ միջազգային կազմակերպությունների օգնության կարիքն ունի այս հարցում: Մնացած խնդիրները գյուղն իր բյուջեով կարող է հոգալ: Իմ խորին շնորհակալությունն ուզում եմ հայտնել հատկապես մեր համայնքի բնակչությանը: Նրանք ոչ միայն չեն դժգոհում, այլև ըմբռնումով ու գիտակցաբար են մոտենում գյուղի առջև ծառացած խնդիրներին: Նրանք հասկանում ու գիտակցում են, որ հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի խնդիրները պակասեն:
-Բայց  գյուղում քիչ չեն նաև արտագնա աշխատանքի մեկնածները։

-Կայուն եկամտի բացակայությունն է պատճառը, որ գյուղացիների հիմնական մասը ստիպված է ընտանիքը պահել արտագնա աշխատանքով: ՙԻսկ հաճախակի չորային, երաշտի տարիները և իրացման շուկայի բացակայությունը, վնասում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացուն: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին նաև մեծացել է արտագնա աշխատանքների մեկնողների թիվը:Սակայն, ժամանակավոր են բացակայում, նորից վերադառնում են:

– Արդյո՞ք գյուղացին կարողանում է առանց որևէ բարդության մթերում իրականացնի թե՞…
-Մենք ավելի շատ չենք մտածում մթերման գնի աճի մասին, ճիշտ է շատ ավելի գյուղացին կշահի, սակայն ավելի կարևոր է, որ չտուժի: Առանց այն էլ  գյուղացին գրեթե ամեն պարագայում տուժողի կարգավիճակում է: Մեր գերխնդիրն այդ ժամանակ համարում ենք, որ իրացումն իրականանա, մթերքը չփչանա։
-Լինելով սահմանամերձ համայնք, ինչպե՞ս եք կարողանում յուրաքանչյուր պահի զգոն լինել, որքանո՞վ է դա հաջողվում:
-Անվտանգությունը գյուղի ամեն վայրկյան ապահովված է, քանի որ մեր տղաները շատ պատրաստակամ են։ Մենք ամեն վայրկյան սթափ ենք, հեռախոսները հասանելի ենք պահում, զգուշանալով ավելորդ անսպասելի խնդիրներից կապված սահմանի հետ։
-Իսկ ինչպիսի՞ն է կառավարության վերաբերմունքը համայնքի հանդեպ:
-Ուշադրության կարիք զգում է ցանկացած համայնք, և մեր մարզպետը փորձում է աջակից լինել մեր խնդիրներին։ Մենք պետք է լավ կյանք ապահովենք մեր համագյուղացիներին,առանց այն էլ փոքր համայնք ենք, մենք արտագաղթից չենք շահելու։ Մենք ունենք լավ բժիշկ, ով փայլուն մասնագետ է, եկել է 90 թվականից, միջին Ասիայից,ազգությամբ հայ է։
-Իսկ ի՞նչով է զբաղվում երիտասարդությունը։Համայնքն ունի՞ ժամանցի վայր:
-Մենք ունենք ինչպես շատ հետաքրքրասեր, այնպես էլ ավելի պասիվ երեխաներ։ Ունենք փոքրիկ մշակույթի տուն, որտեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,որտեղ էլ հետաքրքրությունները փորձում են բավարարել:
-Իսկ ի՞նչ կմաղթեք ձեր համագյուղացիներին:
– Ամենակարևորը առողջություն և սեր մեր ազգին, իսկ իմ գյուղացուն համբերություն, առատ բերք ամեն տարի և  խոշոր եկամուտներ…Ծրագրերը շատ են, դրանք իրագործելու ցանկությունը՝ մեծ։
Հավատացնում եմ, որ նպատակաուղղված աշխատանքի արդյունքն, առաջիկա տարիներին, առաջընթացն, անշուշտ, տեսանելի կլինի բոլորին։Խնդիրներով, թե առանց խնդիրների,հոգսաշատ, թե անհոգ՝ Երվանդաշատ գյուղն  ապրում է հայկական սովորական գյուղի իր սովորական առօրյան։ Բոլոր սովորական հայ մարդկանց նման  հարսանիքներ են անում, ծնունդ ու կնունք նշում, և երբեք չեն մոռանում այցելել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին ՝հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված համագյուղացիների հիշատակին։ Չէ՞ որ այսօրվա խաղաղ գոյության գինը նրանց կյանքն է եղել…Եվ ոչ մի վայրկյան չեն մտածում իրենց տունը լքելու մասին՝ապրելով ամենավտանգավոր գոտում `500 մետր թշնամու սահմանից հեռավորության վրա…
 
 mnews.am