Մեծ նվիրումով պետք է շենացնել հայրենի գյուղը…

28

Սուրենավան համայնքի ղեկավար.Կարո Կարապետյան

Սուրենավան գյուղ գտնվում է Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից 9 կմ հարավ-արևելք: Մարզկենտրոնից  22 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ավշար Արազդայանի, Ավշար Մեծ, Օվշար, Օվչար անվանումները:
Բնակչության մի մասը երկվորներ են` Իրանի Սպահան և Սուլթանաբադ քաղաքներից և Հայաստանի այլ շրջաններից: Գյուղն ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, ծննդատուն, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է:Գյուղն ունի պտղատու և խաղողի այգիներ, զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ:Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը,ինչպես նաև զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը,գազաֆիկացումը,գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Սուրենավանը մոտ 3000 բնակիչ ունի, համակարգել նման գյուղի գործունեությունը` բավականին դժվար է:

mnews-am-ի լրագրողի զրույցում Կ.Կարապետյանը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար:

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս են ապրում սուրենավանցիները:

-Հանրապետությունում ծիրանն առաջինը հասունանում է Սուրենավան գյուղում: Այդ պատճառով այստեղ առանձնակի են կարևորում ծիրանի այգիները. ծիրանը թանկ են վաճառում` անկախ քանակից, բերքի իրացման խնդիր էլ չեն ունենում: Սուրենավան գյուղի գյուղացիները նորմալ են ապրում, հողագործությամբ զբաղվում, ունեն մեծ ծիրանի այգիներ: Ապրում են` ինչպես հանրապետության մի շարք նման համայնքներում ապրող բնակիչները` առօրյա հոգսերով, խնդիրներով, մտահոգություններով, ապրուստով: Իհարկե` մի մասը խեղճ են ապրում: Գյուղացիների մի մասը կարողանում է ժամանակին վճարել գույքահարկերն ու հողերի հարկերը, ովքեր ի վիճակի չեն, գյուղապետարանն է աջակցում:

– Իսկ ո՞րն է համայնքի գերխնդիրը։

-Սուրենավանում թիվ մեկ խնդիրը գազիֆիկացումն է: Գտնվելով մայրուղու վրա` գյուղը խորհրդային տարիներից ի վեր զրկված է եղել կապույտ վառելիքից: Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, վերջիններս «հազար ու մի պատճառ» են բերել: Սակայն ինչպես ասում են հաճելի անակնկալներ միշտ էլ լինում են:

Սուրենավանում դեռեւս ամբողջովին չի լուծվել ոռոգման ջրի հարցը: Ասիական բանկի աջակցությամբ եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ գյուղում ոռոգման նոր ջրագիծ է անցկացվել, սակայն դրանով հարցը չի լուծվել: Ավելի քան 400 հա հող դեռեւս չի մշակվում: Անմխիթար վիճակում է նաև խմելու ջրի ներքին ցանցը, որը կառուցվել է 1970-ական թվականներին: Վերջին չորս տարիներին մոտ 16 մլն դրամի ներդրում են կատարել, որոշ հատվածներում փոխել են ջրագծերը, ինչն էականորեն բարելավել է վիճակը, սակայն խմելաջրի ամբողջ ցանցը փոխելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Գյուղում ճանապարհներն են անմխիթար վիճակում: Գյուղացիների հետ կազմակերպում և մի քանի  փոսալցման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհները հնարավորինս հարթեցնում: Ի վիճակի չեն ասֆալտապատելու:

– Գյուղից  արտագաղթ ու արտագնա աշխատանքի մեկնողներ կա՞ն:

— Այո, գյուղի երիտասարդության մեծամասնությունն արտերկրում է աշխատում, սեզոնային աշխատանքի են մեկնում, որ կարողանան մի բան ուղարկել ընտանիքի հոգսը թեթևացնել գյուղում: Աշնանը վերադառնում են, ձմռանն ընտանիքի հետ անցկացնում:

-Իսկ ո՞րն է գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը, աշխատանք կա՞:

-Ինչպես նշեցի,հիմնականում զբաղվում են այգեգործությամբ: Ապրում են գյուղացու կյանքով, որ ասեմ իդելական` սուտ կլինի: Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ է երբեմն մատուցում և արդյունքում բերքը փչանում է։ Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից :Խնդիրները ինչպես գիտեք միշտ էլ անխուսփելի են և անկանխատեսելի:Պետք է ժամանակին հասկանալ այն,և ճիշտ լուծումներ գտնել: Մենք աշխատում ենք մեր համայնքի համար,մեծ ջանք ու եռանդով,սակայն այդքան աշխատանքից հետո չենք կարող լիարժեք արդյունքի հասնել բոլոր հարցերում, քանի որ օր-օրի ավելի են մեծանում խնդիրների քանակը:

-Ի՞նչ աշխատանքներ եք կատարել այս տարվա ընթացքում:

-Ջրագծեր են փոխվել, գիշերային լուսավորություն է անցկացվել, ասֆալտապատում կատարվել և այդպես շարունակ: Աջակցում են անապահով ընտանիքներին, ձեռք մեկնում արժանավորներին և այլն: Ունեն գործող մանկապարտեզ: Ցավոք, մշակույթի տունն անմխիթար վիճակում է, և հուսով ենք,  որ հաջորդ տարի կսկսենք նրա վերանորոգումը: Ցավոտ խնդիր է նաև գազաֆիկացումը. խոստացել են, որ գյուղն առաջիկայում բնական գազ կունենա: Ընդհանուր կոյուղու հարցում ևս աշխատանք կա անելու…

-Ի՞նչ կմաղթեք սուրենավանցիներին, ինչու ոչ նաև մեր հայ ժողովրդին:

-Թող առատ բերք ունենան, այն իրացնելու հնարավորություն: Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ,որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար:

 Կ.Կարապետյանի համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը: