«Տավուշցին երբեք չի ընկճվում և խուճապի չի մատնվում» …Հովիկ Աբովյան

14

Տավուշը Հայաստանի սահմանամերձ այն բնակավայրերից մեկն է, որտեղ բազմաթիվ սոցիալական խնդիրներից բացի մարդիկ ստիպված են ապրել ու աշխատել թշնամու գնդակոծությունների ներքո։ Ստիպված են արարել՝ կռիվ տալով, իրենց կամքով ու վճռականությամբ պահելով ու պաշտպանելով հայրենի հողը։ Սա այն մարզն է, որի կառավարումը յուրահատուկ մոտեցում ու վերաբերմուքն է պահանջում…
Շուտով կլրանա երկու տարին, ինչ Տավուշի մարզի ղեկավար է նշանակվել Հովիկ Աբովյանը։ Ավարտուն և ընթացիկ ծրագրերի, ազդարարվող նոր լուծումների շուրջ հարցազրույց ունեցանք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  հետ: Կատարված աշխատանքներին հանրության արձագանքը որոշակի արտացոլված է նաև տարեվերջյան ամսվա՝ դեկտեմբերի հետ համընկած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում, որը Տավուշի մարզը արձանագրեց  առաջատար ցուցանիշներ՝ մասնակցության 63,35% և«Այո»-ների 71,6% գերակշռություն: Ըստ լայն տարածված տեսակետի՝ հանրաքվեի արդյունքը նաև ցուցիչ է իշխանության հանդեպ վստահության, միաժամանակ արտահայտում է հանրության վերաբերմունքը, տվյալ դեպքում՝ մերժումն այն ոչ իշխանականների, որոնք հանրօգուտ գործի փոխարեն տարված են իրենց քաղաքական նկրտումներով:
«mnews.am »-ի  զրուցակիցն է Տավուշի մարզի ղեկավար Հովիկ Աբովյանը։

images (3)

 -Պարոն Աբովյան ,շուրջ երկու տարի առաջ նշանակվեցիք մարզպետ:Կխնդրեի ամփոփել 2015 թվականը. ի՞նչ հասցրեցիք իրականացնել անցնող տարվա ընթացքում , ինչպիսի՞ պլաններ կան 2016-ի համար:

-Տավուշի մարզպետ եմ նշանակվել 2014 թվականի մայիս 15-ից, ուստի,  կարող  եմ ասեմ, որ 2015 թվականը բարեհաջող ենք ավարտել` գրանցելով  առաջընթաց  ու դրական զարգացումներ: Ինձ շատ ուրախացնում ու  ոգևորում է այն փաստը,  որ կարողանում եմ մարզի բնակչությանը  օգտակար լինել։ Ես ինքս ծնունդով այս մարզից եմ։ Պատասխանատվությամբ ու սրտացավորեն եմ մոտենում իմ աշխատանքին։ Որպես մարզի բնակիչ, ապա՝ նաև մարզպետ, խորազնին տիրապետում եմ  մարզի բոլոր խնդիրները: Ուստի ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի Տավուշի մարզն ավելի զարգանա, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն ավելի բարելավվի։
– Դուք առաջնահերթ եք համարում բնակչության սոցիալական խնդիրների բարելավումը։ Ի՞նչ քայլեր են արվել և արվելու իրավիճակը բարելավելու ճանապարհին, ո՞րն է մարզպետարանի դերն այդ գործում։
-Ինչպես հանրապետության մյուս մարզերում, Տավուշի մարզում ևս կան սոցիալական խնդիրներ: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ Տավուշը սահմանամերձ բնակավայր է, մեր խնդիրները գուցե մի քիչ ավելի սուր են։ Ուստի, մարզպետարանի գործունեությունն ու աշխատաոճը դրված են այնպիսի հիմքերի վրա, որ մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից մշտապես հասանելի լինի ժողովրդին: Մեր մարզում աջակցության ու խորհրդատվության կարիք ունեցող յուրաքանչյուր բնակչի խնդիր, ժողովրդի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց անմիջապես դառնում է մերը, և մենք սկսում ենք լուծումներ փնտրել այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս թեթևացնենք մարդկանց հոգսերը:Ես  այն մարդը չեմ, որ ինձ դիմած տավուշցուն օգնեմ ու անուն ազգանունը գրեմ ցուցակում ,որ վաղը ցույց տամ ,որ ինչ որ մեկին ֆինանսապես օգնել եմ :Դե մարզպետարանը ,բնականաբար, ունի ֆոնդը սոցիալապես անապահով ընտանիքների օգնում ենք պետության հաշվին :Բայց լինում են շատ դեպքեր ,որ  այդ ամենը անում եմ իմ անձնական գրպանից ,ինչքանով կարողանում եմ ,այնքանով կանգնած եմ իմ մարզի ժողովրդի կողքին…

-Ինչքանո՞վ  է ՀՀ կառավարությունը կարողանում հոգալ  սահմանամերձ համայնքի բնակիչների խնդիրները:Ի՞նչ խնդիրներ կան առողջապահության ոլորտում:
-Առողջապահության ոլորտը նույնպես բավականին բարդ բնագավառ է: Այս պահին մարտի 9-19-ը «Հայկական ակնաբուժության» նախագիծ բարեգործական հիմնադրամը «Լույս հայի աչքերին», ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ  կիրականացվեն  Իջևանի տարածաշրջանի բնակչության համար՝Իջևանի բժշկական կենտրոնում: Կլինեն նաև հարակից համայնքերում  Այգեհովիտում, Գանձաքարում,  Դիլիջանում,  Հաղարծինում և Գոշում, Ազատամուտում և Խաշթառակում,  Աչաջրում և Սևքարում, Գետահովիտում,  Վազաշենում , Սարիգյուղում: Անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր Իջևանի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում խորացված հետազոտություն անցնելու կամ վիրահատության համար: Սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները կվիրահատվեն անվճար:Իսկ ինչ վերաբերում է Տավուշի մարզի հիվանդանոցների պայմաններին,նշեմ ,որ  շենքային խնդիրներ գրեթե չունենք: Հատկապես  Իջևանի  հիվանդանոցն ամբողջովին վերանորոգված է և հագեցած անհրաժեշտ սարքավորումներով: Համապատասխան բոլոր պայմաններով ապահովված վերջին հիվանդանոցը Բերդինն էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ բացվեց ու շահագործման հանձնվեց : Մարզի առողջապահության ոլորտում ես կառանձնացնեմ շատ կարևորագույն մի խնդիր, որ այսօր մեր առջև դրված է: Բուժանձնակազմը պետք է համալրել ժամանակակից մեթոդներին տիրապետող վիրաբույժներով, ակնաբույժներով, անեսթեզիոլոգներով, մանկաբույժներով, հոգեբույժներով, նյարդաբաններով: Խնդրի լուծման նպատակով մենք աշխատանքներ ենք տանում՝ համագործակցելով և՛ ՀՀ առողջապահության նախարարության հետ, և՛ մասնագիտական բուհերի ու անհատների հետ: Հարցի լուծումը փորձում ենք գտնել` նաև աշխատելով բժշկական բարձրագույն կրթություն ընտրող դիմորդների հետ՝ առաջարկելով նրանց նպատակային ուսուցման տարբերակը՝ մարզ վերադառնալու և այստեղ աշխատելու պայմանով:

-Ինչպիսի՞ լուծում եք տեսնում սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպիսի՞ն է միտումը` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:
-Իհարկե, խաղաղություն: Բանակցային, դիվանագիտական գործունեության միջոցով պետք է հասնենք խաղաղության: Այդ առումով սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի 13 սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրվեց ՀՀ կառավարության կողմից:

 

images (2)

 -Բացի սոցիալականից, ի՞նչ խնդիրներ ունի այսօր Տավուշի մարզը,  ինչպիսի՞ն է Ձեր գործելաոճը դրանց լուծման ճանապարհին։
-Խնդիրները շատ են։ Սահմանամերձ մարզ, անընդմեջ թշնամու  գնդակոծությունների տակ գտնվող գյուղական համայնքներ։ Վտանգն աչքի  առաջ մարդիկ հող են մշակում, շեն պահում պապենական օջախները։ Իմ  համար ամեն մի խնդրի լուծման ճանապարհին ամենակարևորը մարդկանց  կողքին կանգնելն է, նրանց՝ աջակցելու ազնիվ պատրաստակամություն  ցուցաբերելը: Տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ ենք իրականցրել Տավուշի մարզում, կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին. «Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք ՀՀ նախագահի   հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։ Արտոնություններն ստանալուց հետո, ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ այդ համայնքներում»։ Ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծումները հերթականությամբ առաջ ենք ընթանում…

-Պարոն Աբովյան ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է …

-Օրեր առաջ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Տավուշի մարզ ,անցկացրեցինք  խորհրդակցություն.  որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, ոլորտը ներկայացնող հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ: Սա ավանդական հանդիպումներից մեկն էր, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ: Ես կարևորվում եմ նման այցերը, քանի որ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն բավականին դրական արդյունքներ են գրանցվել, վեր են  հանվել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խանգարել գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը: Ընդհանուր առմամբ նախորդ գյուղատնտեսական տարին ինչպես հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում բարեհաջող էր: Կարող եմ ասել , որ վերջին 2 տարվա ընթացքում մարզում 1000-ական հա լրացուցիչ ցանք է կատարվել, որը մեծ ձեռքբերում է մարզի համար, և մշակվող հողերի ծավալը կազմում է 65 տոկոս: ՀՀ կառավարությունը  բոլոր միջոցներով աջակցում է տավուշցուն, որպեսզի նրանք առավել շատ հողատարածություններ մշակեն, արդյունք ստանան և որ ամենակարևորն է՝ մարդիկ եկամուտների աճ ունենան: Ձեռքբերումներ ունենք նաև անասնապահության ոլորտում:Կլիմայական պայմաններն այնպիսին են, որ գյուղատնտեսական տարին առաջ է, և աշխատանքները պետք է սկսել, պետությունը պատրաստ է արդեն գյուղացիներին ապահովելու սերմացուով, պարարտանյութով և դիզվառելիքով: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն սուբսիդավորվող վարկեր:
Հանդիպումներին ներկա էին համայնքների բնակիչներ և արոտօգտագործողների կոոպերատիվների անդամները: Քննարկվեցին կոոպերատիվների գործունեության հարցեր:Այդ  բոլոր հարցերը քննարկման փուլում են, հնարավորության դեպքում համայնքները կստանան համապատասխան աջակցություն:

15.05.14-2381հովիկ աբովյան

  -Ինչպե՞ս կգնահատեք Տավուշի մարզի  կրթօջախների,  մշակութային    հաստատությունների վիճակը:
– Ընդհանուր առմամբ, իհարկե, ոլորտի  գործունեությունը ես  դրական եմ    գնահատում, քանի որ ունենք  ձեռքբերումներ և  կարողանում ենք  ապահովել  կրթական պատշաճ մակարդակ:  Մարզում գործում է 81 հանրակրթական    դպրոց, որոնցից 4-ը  ավագ դպրոցներ են: Մեր  աշակերտները հաճախակի  հաջողություններ են գրանցում հանրապետական   օլիմպիադաներում: 2015-ին և՛ «Լավագույն ուսուցիչ», և՛  «Լավագույն տնօրեն» մրցանակները ստացան Տավուշի մարզի  ներկայացուցիչները: Տարեցտարի մենք աշխատում ենք բ  արելավել նաև կրթօջախների շենքային պայմանները: Ե՛վ բ  յուջեից տրվող միջոցները, և՛ բազմաթիվ այլ ծրագրերի,  հիմնադրամների հնարավորություններն ուղղվում են դպրոցների վերանորոգմանը, համապատասխան գույքով ու սարքավորումներով հագեցմանը:
Պիտի հպարտությամբ նշեմ, որ վերջին շրջանում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սկսեցին գործել երկու լավագույն կրթօջախներ՝ Միջազգային դպրոցն ու Կենտրոնական դպրոցը՝ ԱՅԲ-ը: Թեև սրանք անմիջական մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններ չեն, սակայն շատ մեծ դեր ունեն ընդհանուր կրթական ոլորտի ձևավորման մեջ:
Մշակույթին անդրադառնալով` նշեմ, որ կայացած մշակութային օջախներ ու հաստատություններ ունենք: Հատկապես քաղաքային ու գյուղական մեծ համայնքներում գործում են երաժշտական, պարարվեստի դպրոցներ, մշակույթի տներ՝ բազմաթիվ խմբակներով:

– Պարոն Աբովյան, Դուք ձեզ խիստ ղեկավար համարո՞ւմ եք:
-/Ժպտում է/ Այդ հարցը պետք է ուղղեք ոչ թե ինձ, այլ ինձ հետ աշխատող մարդկանց: Ես սիրում եմ աշխատել և պահանջել աշխատանք։ Ես սիրում եմ մարդկանց նկատմամբ լինել բարի, հարգալից և միաժամանակ խստապահանջ, իսկ որքանով է ստացվում՝ շրջապատից պետք է ճշտել: Եթե մարդը ստանձնում է մի գործ, պետք է ձգտի լավագույնս ու ճշտապահորեն կատարել այն: Ինձ համար շատ կարևոր երկու սկզբունք կա. ազնվություն և ճշմարտախոսություն: Այս սկզբունքներով եմ ես առաջնորդվում կյանքում:

  Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում  զիջեց նախարարի` երեք, մարզպետի երկու պաշտոն։ ՀՅԴ-ին տրվեց  Շիրակի և  Արագածոտնի մարզերը։ Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերում այդ փոփոխություններին:

-Նորմալ եմ վերաբերում: Ինչպես գիտեք  ՀՀ Նախագահի որոշումն է եղել: Կարծում եմ  ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը գաղափարական է և  ծրագրային: Ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն երբեք չեն գնա այնպիսի արտաքին քաղաքական զիջումների, որոնք չեն բխի Հայաստանի ազգային շահերից։ ՀՅԴ-ն կարևոր ուժ է, և այս  համագործակցությունը լուրջ առաջընթացի կբերի իմ կարծիքով…

Tavush-Kaptavank

 -Ի՞նչ  ծրագրեր կան 2016թ. հետ կապված:
-Ծրագրերը շատ են, անելիքները՝ նույնպես: Արդեն  պատրաստ է և քննարկման փուլում է գտնվում Տավուշի  մարզի զարգացման 2016-2019 թվականների քառամյա  ծրագրի նախագիծը, որտեղ ոլորտ առ ոլորտ նշված են  խնդիրները, աշխատանքները, դրանց լուծման  ճանապարհները, կատարման միջոցներն ու  առաջնահերթությունները: Առաջնորդվելով այդ ծրագրով,  իհարկե, ՀՀ կառավարության կողմից այն հաստատելուց  հետո, նաև շարունակելով մինչ այս մեկնարկած ծրագրերը`  պիտի աշխատենք աստիճանաբար բարելավել մարզի  տնտեսությունը, ենթակառուցվածքների, ճանապարհների, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի և մյուս ոլորտների գործունեությունը:
-Ձեր հայրական գյուղում՝ Կողբում, Ձեր միջոցներով է կառուցվել Սուրբ Հովհաննես եկեղեցին. ո՞րն է եկեղեցի կառուցելու խորդուրդը Ձեզ համար։
Ես այն կարծիքին եմ, որ ինչքան շատ լինեն եկեղեցիները, այնքան մեր ազգի հոգևոր աշխարհը բարվոք վիճակում կլինի։ Մարդու ամենամեծ ձեռքբերումը հավատն եմ համարում, ինչն ազգի հարատևության գլխավոր գործոններից մեկն է։
– Ի՞նչ կմաղթեք Ձեր ղեկավարած մարզի բնակչությանը։ Ինչպես նաև ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ

– Մեր Սիրելի կանանց ,աղջիկներին, մայրերին  ու քույրերին ջերմորեն շնորհավորում եմ  մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ  առողջություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ աշխատանքում ու կյանքում: Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունը: Առաջին հերթին հենց Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: Այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք Ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով, որպեսզի մեկ անգամ ևս արժևորենք կնոջ դերակատարությունը ընտանիքում ու հասարակական կյանքում: Մեկ անգամ ևս շնորհավորելով, մաղթում եմ, որ Ձեր գարնանաբույր տոնի նման միշտ գեղեցիկ լինեք:

-Եվ վերջում ի՞նչ կմաղթեք տավուշցիներին:

-Առաջին հերթին՝ խաղաղ երկինք, և ապա՝ բարօրրություն: Հավատացած եմ, որ մեր սահմաններում խաղաղությունը կտիրի, և տավուշցիները կարող են հանգիստ արարել ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովել:

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Խաչատրյանի