Էրդողան. Թուրքիան եւ Ռուսաստանը Աֆրինում գործողության հարցում հակասություններ չունեն

4

Սիրիական Աֆրինում թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով Անկարան Մոսկվայի հետ խնդիրներ չունի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը աֆրիկյան երկրներում շրջագայությունից վերադառնալիս օդանավում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աֆրինի հարցում մենք Ռուսաստանի հետ հակասություններ չունենք: Իդլիբում ընթանում է հսկիչ կետերի ստեղծման գործընթացը: Այս պահին արդեն նման 8 կետ է ստեղծվել: Ապագայում ծրագրվում է Ստամբուլում անցկացնել եռակողմ (ՌԴ-Թուրքիա- Իրան) գագաթնաժողով՝ Սոչիի գագաթնաժողովի նման: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք գնահատել եւ քննարկել բոլոր հարցերը»,- TRT-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Դամասկոսը վճռականորեն դատապարտել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: