5 Դեկտեմբերի, 2022

Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանն աննախադեպ սգո տոնախմբություն են կազմակերպում։ Տեղեկատվական հովանավորը Հ1–ն է։

Նրանք «հպարտ քաղաքացիներին» առաջարկում են մանկուրտի վերածվել, մասնակցել մեծ պարահանդեսի և զբաղվել նեկրոֆիլիայով։

Չարժե, իհարկե, «հավերժ սգալու» տարբերակով առաջնորդվել ու ողջերի երեխաներին զրկել ամանորյա հեքիաթից, բայց երբ թշնամի երկրում գերիներ ունես, երբ երկիրդ անթաղ մարմիններ ունի, գտնվում է գրեթե ամենօրյա կրակոցների տակ ու նոր պատերազմից «5 պակաս» վիճակում, պետք է համեստություն դրսևորել։ Այլապես ստացվում է, որ սրանք սպասում էին պետության պարտությանն ու հազարավոր դիակներին, որպեսզի աննախադեպ ձևով այդ ամենը տոնեն։ Կարող է այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում։

Անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող երկրի գլխավոր օրակարգը չի կարող լինել Մանկական եվրատեսիլը, տոնածառի բարձրությունը, տոնական միջոցառումներին ուղղվող հսկայական գումարների «ատկատի» կանխավայելումը և էժանագին ապրանքի գովազդի վերածված հեղափոխական նորաթուխ գորշ օլիգարխի «ընտրեցնելուն» միտված «ռասկրուտկան»։

Մեծ տոնակատարությունները ամբողջատիրական երկրներին են ներհատուկ, բայց երբ դրանք կազմակերպում է գաճաճ բռնապետիկը, ապա ամեն ինչ վերածվում է ֆարսի։ Այդ ֆարսը ցույց է տալիս բռնապետական իշխանության այլասերվածությունը, գեղցիությունը, անբարոյականությունը և պետական փողերը մսխելու հակվածությունը։

Մենք հիմա կոնտրաստային իրականության մեջ ենք հայտնվել։

Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի դեմ հարձակման, մեր քթի տակ տեղի են ունենում թուրք–ադրբեջանական զորավարժություններ, իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Մանկական եվրատեսիլին ու Նոր տարվա միջոցառումներին։ «Լամպչկա» են վառում ու փակում փողոցը։

Ընդ որում՝ որքան շատ է կրակում Ադրբեջանը Հայաստանի սահմանների ուղղությամբ, այնքան Հայաստանի ու Երևանի իշխանությունները համատեղ ավելացնում են տոնական լույսերը Երևանի կենտրոնում՝ զուգահեռաբար առաջարկելով ուրախանալ, որ Ադրբեջանն օրերս մեզ է հանձնել 13 հայ զինծառայողի դիակ, որոնք անթաղ էին մնացել սեպտեմբերի 13–14–ին տեղի ունեցած ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո։

Որքան թուլանում է Հայաստանը, այնքան ուժեղանում է «նահապետի» պահակախումբը, որին հանդիպելիս մարդիկ կորցնում են կյանքը կամ առողջությունը։

Վախկոտ «նահապետի» պահակախումբը վրաերթ արեց ու սպանեց կին անցորդին և նրա դեռ չծնված զավակին։ Հազարավոր զոհերի ու մոր արգանդում սպանված զավակի փոխարեն դեռ ողջ մնացածներին առաջարկվում է ուրախանալ մեծ տոնածառով, որի լույսերով նախատեսում են մարդկանց կուրացնել, որպեսզի նրանք չտեսնեն Հայաստանի խայտառակությունը։

Որքան խեղճ ու կրակ է «նահապետը» դրսում, այնքան ահասարսուռ է փորձում երևալ ներսում՝ ավելացնելով պահակախումբը, որը վախի ու կասկածամտության պաթոլոգիկ համադրության արդյունք է։

«Նահապետը» զրոների է փնտրում սեփական կուսակցության մեջ ու մյուս տեղերում, որ նրանց ֆոնին տարբերվի ու առաջնորդ երևա, բայց զրոները նրան ոչ թե գումարվում, այլ բազմապատկվում են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս