30 Նոյեմբերի, 2022

Վերջերս հաճախ ենք լսում, որ ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը:
Հաղորդագրությունն ավարտվում է հայկական կողմից տուժածների մասին և այդ պահին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ինչն է՞ այստեղ տարօրինակ:

Նախկինում ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններում կար «պատասխան կրակի արդյունքում հակառակորդը լռեցվել է» արտահայտությունը, ինչը նշանակում էր, ՀՀ ԶՈւ-երը մատաղացու գառներ չէին, որ թշնամին երբ ցանկանար կրակեր նրանց վրա: ՀՀ ԶՈւ-երը գործում էին իրավիճակին համարժեք, իսկ յուրաքանչյուր սադրանք ստանում էր համարժեք պատասխան:

Արդեն տևական ժամանակ այս արտահայտությունը բացակայում է, ինչը խոսում է օրվա իշխանության վախերի մասին: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին արգելված է պատասխանել հակառակորդի սադրանքներին, իսկ առաջնագծում գտնվող Հայ զինվորները կրակի ընթացքում պետք է թաքնվեն կրակից և աղոթեն, որ ազիկները շուտ դադարեցնեն կրակելը:

Սա անթույլատրելի է. թշնամին զգում է մեր վախերը և օգտվում դրանից՝ մեզ պարտադրելով նոր զիջումներ ու ստորացումներ: Չի կարելի վախենալ ու առավել ևս ի ցույց դնել այդ վախերը: Եթե քո վրա կրակում են, ուրեմն դու էլ պետք է կրակես, եթե քեզ սպանում են, դու էլ պետք է սպանես:

Վախից դողալով ու միջազգային ողբ կապելով ադրբեջանցիներին չես ստիպի հրաժարվել նոր սադրանքներից, չես ապահովագրի զինվորի կյանքն ու առողջությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Վախկոտներին ու անինքնասերներին չեն հարգում, չեն լսում, չեն ընդունում:

Տղա եղեք…»:

Լրահոս