19 Նոյեմբերի, 2022

Նիկոլ Փաշիյանը հարցաքննվել է իրավահաջորդի ներկայացրած միջնորդության շրջանակում, բայց գործով փաստաբանը կասկածներ ունի, որ իրականում դա ոչ թե հարցաքննություն է եղել, այլ նախապես մշակված հարցուպատասխան, ինչպես անցնում են Փաշինյանի ասուլիսները։ Ի դեպ, ՔԿ-ն Փաշինյանի՝ հարցաքննվելու մասին տեղեկությունը չի տրամադրել փաստաբանին, փոխարենը, բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած հարցումը։

Ani Product

«Փաստինֆո»-ի հետ զրուցում այս մասին ասաց գործով փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ համարելով սա ուղղակի աբսուրդ։

Ani Product

«Մենք դեռեւս մայիս ամսին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եւ դրանից հետո դատավարական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն էինք ներկայացրել, որովհետեւ դեռեւս այն ժամանակ մենք ասում էինք, որ փաստերը բավարար են, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի։ Մենք նշել էինք, որ եթե մեր կողմից ներկայացված փաստերի հավաստիությանը կասկածում են, որոնք, ի դեպ, մամուլից վերցված տեղեկություններ են, օբյեկտիվ իրականությունն է, Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, կարող եք այդ հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանին հարցաքննել եւ, ըստ իր կողմից տրված պատասխանների, որոշել՝ իրեն պե՞տք է ներգրավել որպես մեղադրյալ, թե՞՝ ոչ»- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շուրջ 50 հարց էին առաջադրել։

Փաստաբանի փոխանցմամբ, դեռ այն ժամանակ միջոնորդությունը բավարարվել էր, վարչապետը պետք է հարցաքննվեր այդ հարցերի շուրջ, բայց տեւական ժամանակ չէր հարցաքննվում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել էին ՔԿ նախագահ Քյարամյանի հետ, որը հավաստիացրել էր, թե Փաշինյանը կհարցաքննվի, բայց ժամկետներ չէր նշել

Ավելին, հուլիսի 21-ին Վահան Հովհաննիսյանը փաստաբանական հարցում է ուղարկել ՔԿ՝ տեղեկանալու, թե ի կատարումն իրենց ներկայացրած եւ բավարարված միջնորդության, արդյո՞ք Փաշինյանը, ի վերջո, հարցաքննվել է, թե ոչ։ ՔԿ-ից փաստաբանին պատասխանել են, թե նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող եւ հղում են արել Տեղեկատվության գաղտնիության մասին օրենքին։

Հիշեցնենք, որ տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է՝ պատերազմի հանգամանքներին առնչվող գործով, նախ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Քննչական կոմիտեից ստացված՝ գրավոր հարցման պատասխանին։ Ապա «Ժողովուրդ»-ը գրեց, որ Փաշինյանը չի գնացել Քննչական կոմիտե, քննիչներն են գնացել նրան հարցաքննելու։ Նոյեմբերի սկզբին ուղարկված «Ազատության» հարցմանը պատասխանել է զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հարցեր են տվել ու ինչ է պատասխանել Փաշինյանը։

«Ես երեկ տեղեկանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը հարցում է ուղարկել եւ այդ հարցմանը իրենք պատասխանել են, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է։ Հասկանու՞մ եք, «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված տուժողի ներկայացուցիչների իրավահաջորդը։ Սա աբսուրդի ժանրից է, ես պատրաստվում եմ երկուշաբթի հարցում իրականացնել, թե ինչով է պայմանավորված օրենքի խտրական կիրառումը, որ ինձ չի տրամադրվում տեղեկատվություն, այն դեպքում, երբ ես եմ այդ տեղեկատվության շահառուն եւ տնօրինողը, բայց ինչ-որ մի լրատվամիջոցի տրամադրվում է։ Ես կասկածում եմ, որ եթե չլիներ «Ազատություն» ռադիոկայանըմ տեղեկատվությունը կտրամադրվեր մեկ այլ լրատվամիջոցի»,-ընդգծեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կրկին մամուլից է տեղեկացել, որ Փաշինյանը հարցաքննվել է ոչ թե քննչական ստորաբաժանման շենքում, այլ իր գտնվելու վայրում։ Փաստաբանը մանրամասնեց, որ վկան կարող է հարցաքննվել նաեւ իր գտնվելու վայրում, բայց, եթե առկա է հարգելի պատճառ եւ առկա է անհնարինություն՝ վկայի կողմից քննչական ստորաբաժանում ներկայանալու։

«Ես չեմ հասկանում, ո՞րն է դրա անհնարինությունը, որ Փաշինյանը վարչապե՞տ է , հետեւաբար անհնա՞ր է, որ նա ներկայանա քննչական ստորաբաժանում, ի՞նչ հարգելի պատճառ կարող է լինել։ Ինչ վերաբերում է բուն հարցաքննությունն իրականացնող սուբյեկտին, նա ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետ Վարդանյան Ռաֆայելն է, ով ամիսներ առաջ պարգեւատրվել է Փաշինյանի կողմից «Մխիթար Գոշ» շքանշանով, ով Փաշինյանի ներս մտնելուց ոտքի է կանգնում, պատիվ է անում։ Ես չեմ կասկածում, որ իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ սուբյեկտից մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, որ հարցաքննությունն ինչպես է իրականացվել։ Ես անգամ խիստ կասկածում եմ, որ իրենք հանդիպել են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր հայտարարվում է, թե Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու ԶԼՄ-ներին, բայց միացնում ես հեռուստացույցը եւ տեսնում՝ նստած է մի աղջիկ եւ նախապես ստացած հարցերը տալիս է Նիկոլ Փաշինյանին, որն էլ պատասխանում է։

«Ես ողջամտորեն ենթադրում եմ, որ այդ հարցաքննությունը հենց այդ ֆորմատով է իրականացվել, այսինքն, նախապես հարցերը ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին կամ նրա իրավաբան խորհրդականներին, պատասխանները նրանց կողմից օրեր շարունակ մշակվելուց հետո ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Ես կասկածում եմ, որ բուն հարցաքննություն է տեղի ունեցել »,-ասում է փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ նման տեղեկության տարածումը նպատակ ունի կեղծ օրինականության պատրանք ստեղծել, թե Հայաստանն այնքան օրինական պետություն է, որ հարցաքննվում է իր իշխանության պայմաններում։ Հովհաննիսյանը հիշեցրերց Փաշինյանի՝ Կապանում արած հայտարարությունն այն մասին, թե միակ վարչապետն է, ով ՀՔԾ է գնացել ու հարցաքննվել։

«Սա երեւի այդ նույն շարքից է, որ տպավորություն ստեղծվի, թե անպատժելի մարդ չկա, բոլորն են օրենքին ենթակա եւ անգամ Փաշինյանն է հարցաքննվում ։ Ես խիստ կասկածում եմ, որ իրականում հարցաքննություն է տեղի ունեցել, միգուցե արձանագրության վերնագիրը հարցաքննություն է, բայց դա մշակված, պլանավորված գործողություն է՝ հասարակության աչքին թոզ փչելու նպատակով»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքների բացահայտման եւ օբյեկտիվ քննության պատրանքներ այս իշխանության պայմաններում իրենք չունեն։

Հովհաննիսյանը շեշտում է, որ ներկայացված բոլոր միջնորդությունները հետաձգված են, ոչ թե մերժված։«Եվ ՆԻկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով եւ հետագա խափանման միջոցի ընտրության մասով , բոլոր միջնորդությունները հետաձգված են։ Անգամ այսօր՝ իրենց իսկ իշխանության պայմաններում, դրանք մերժելու հիմքեր չունեն, այլապես վաղուց կմերժեին»,-ասաց փաստաբանը՝ կարեւորելով, որ միջնորդություւնները ժամանակային սահմանափակումներ չունեն եւ ապագային են միտված։

Փաստաբանը վստահ է՝ ով ուզում է լինի, անգամ երկրի վարչապետը, չի կարողանալու սպրդել եւ դուրս պրծնել ներկայացված փաստերի պտտանիվի տակից։ Եթե չլինի հիմա, լինելու է որոշ ժամանակ անց։ «Դա անխուսափելի է» , -վստահ է Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմին առնչվող հաղորդումներվ հարուցված քրեական գործերը միավորվում են մեկ քրեական գործում։ Զոհված զինծառայողների ծնողները տուժող են ճանաչվել, որոնց ծահերի ներկայացուցիչը փաստաբան Վահան Հովհաննիսյանն է։

Լրահոս