1 Հոկտեմբերի, 2022

Վերջին տարիներին պարգևավճարների թեման հասարակության շրջանում միշտ էլ քննարկումների ու դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու, առանց այն էլ բարձր աշխատավարձեր ստացող պետական պաշտոնյաներն ամեն ամիս նաև ճոխ պարգևավճարներ պիտի ստանան՝ իրենց աշխատանքը կատարելու համար։

Ani Product

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով գալիս էր իշխանության, հայտարարում էին, որ պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել ժողովրդին։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ոչ միայն պատրաստ չեն, այլև վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը, ժողովրդից թաքուն, բարձրաստիճան պաշտոնյաներին ամեն ամիս աշխատավարձին համարժեք նաև պարգևավճարներ է նշանակել՝ պետական բյուջեի հաշվին։

Ani Product

Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց իշխանություններն այդպես էլ չհրաժարվեցին իրենց պարգևավճարներից։

Թվում է, թե կառավարությունը վերջապես որոշել է լուծել պարգևավճարների հետ կապված խնդիրը. հաջորդ տարվա պետական բյուջեում արտաքուստ նվազեցրել են պարգևավճարներին հատկացվող գումարները։ Բայց այնպես են արել, որ դրանից ո՛չ շիշը վառվի, և ո՛չ էլ միսը։

Նվազեցրել են պարգևավճարների ֆոնդը, սակայն զուտ ձևական։ Նվազեցված գումարը պարգևավճարների տողից տեղափոխել են աշխատավարձի տողի տակ։

Պարզ ասած, փողը մի գրպանից հանել, դրել են մյուս գրպանը։ Ոչ մի տարբերություն չկա՝ պաշտոնյաները դա կստանան պարգևավճարի՞, թե՞ աշխատավարձի ձևով։

Ահա այս սկզբունքով են որոշել «լուծել» պարգևավճարների այդքան չարչրկված խնդիրը։ Իրականում դա արել են ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Դրանով, ըստ էության, ոչ մի խնդիր էլ չի լուծվել։ Նախկինում նույն գումարը ստանում էին՝ որպես պարգևավճար, հիմա կստանան՝ որպես աշխատավարձ։

Եթե այս տարվա բյուջեով 19,1 մլրդ դրամ էր հատկացված պարգևավճարներին, հաջորդ տարի առաջարկվում է այն դարձնել 13,9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կրճատել 5,2 մլրդ դրամի չափով։ Բայց այդ գումարը կառավարությունը հատկացրել է ոչ այլ անհրաժեշտ ծախսերի կատարմանը, այլ ուղղել է նույն պետական պաշտոնյաների վարձատրությանը։

Պարգևավճարների գումարը հաջորդ տարվա բյուջեում կրճատել են, աշխատավարձինը՝ ավելացրել։ Ընդ որում, շատ ավելի մեծ չափով, քան կրճատվել է պարգևավճարների ֆոնդը։

Պետական մարմինների պահպանման ծախսերում աշխատավարձի ու հավելավճարների ֆոնդն այս տարվա բյուջեով նախատեսված է 69,2 մլրդ դրամի չափով։ Հաջորդ տարվա բյուջեով առաջարկվում է դարձնել 88,8 մլրդ դրամ։

Այս հավելումների շրջանակներում էլ նախատեսվում է հաջորդ տարի բարձրացնել պետական հատվածի աշխատավարձերը։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում. առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ և դրանց գումարվող որոշակի պարգևավճարներ։ Երկրորդ դեպքում բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձին գումարվում են սահմանված հավելավճարները։ Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով։ Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83,2 հազար դրամ։

Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով։ 2023թ. ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը կառավարությունում ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների նախարարը։

Պարզ ասած, կառավարությունը սրանով պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից դարձրել է 83,2 հազար դրամ։

Այս փոփոխությամբ բազային աշխատավարձը ավելանում է գրեթե 26 տոկոսով։

Համեմատության համար ասենք, որ որոշել են նվազագույն աշխատավարձն ավելացնել 10 տոկոսով։

Բազային աշխատավարձի բարձրացման տեմպը 2,6 անգամով ավելի է, քան նվազագույն աշխատավարձինը։

Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է ավելացնել 7 հազար դրամով, պաշտոնյաների բազային աշխատավարձը՝ 17,1 հազար դրամով։ Կարծես նվազագույն աշխատավարձ ստացողներն ավելի լավ են ապրում, քան պետական պաշտոնյաները, որոնց համար աշխատավարձի ավելացման անհամեմատ ավելի բարձր տեմպ են ընտրել։

Բայց խնդիրը միայն դա չէ։ Նվազագույն ու բազային աշխատավարձերի բարձրացման տարբերությունը շատ ավելի ակնհայտ կդառնա, երբ ավելացնենք նաև գործակիցները։

Հայտնի է, որ բազային աշխատավարձ ասվածն ընդամենը հաշվարկային դրույքաչափ է։ Դրանից բացի, կան նաև պաշտոնային գործակիցներ, որոնցով բազմապատկվում է բազային աշխատավարձը՝ աշխատավարձերի չափը ստանալու համար։

Որպեսզի ասվածը պարզ լինի, բերենք նախարարի աշխատավարձի օրինակը։

Նախարարի պաշտոնային գործակիցը 12 է։ Աշխատավարձի չափը ստանալու համար այն բազմապատկում ենք բազային աշխատավարձով։ Այսինքն՝ 83,2 հազար դրամով։

Կստացվի, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից նախարարի աշխատավարձը կդառնա 998,4 հազար դրամ։ Այժմ 793,7 հազար դրամ է։ Կբարձրանա 204,7 հազար դրամով՝ պարգևավճարներն ու հավելավճարները սրա մեջ չեն մտնում։

Հիմա պատկերացրեք, նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա 7 հազարով, նախարարի աշխատավարձը՝ 204,7 հազար դրամով. 29 անգամ ավելի շատ, քան նվազագույն աշխատավարձի բարձրացումն է։

Հաջորդ տարի ահա այսպիսի «համաչափ» բարձրացումներ է առաջարկում կառավարությունը։

Նույնը նաև մյուս պետական պաշտոնյաների պարագայում է։

Եթե հիմա պատգամավորի պաշտոնային դրույքաչափը 661.000 դրամ է, կդառնա 832.000 դրամ։ Կավելանա 171 հազարով։

Մեկ այլ համեմատություն ևս հավանաբար արժե անել. կենսաթոշակները բարձրացրել են 3 հազար դրամով, նախարարի աշխատավարձը կբարձրացնեն 204,7 հազար դրամով։ Սա է այս կառավարության բերած արդարությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button

Լրահոս