1 Սեպտեմբերի, 2021

Մինչ իշխանությունը հանրությանը սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի է բաժանում, այդպիսով բաժանում, որ տիրի բացառապես բոլորին, պարզվում է՝ նախկիններն ու նորերը հաջողությամբ համագործակցում են։ Նախկինների ու նորերի փոխգործակցությունը խորանում է հատկապես այնտեղ, որտեղ փող է շրջանառվում։ Պատահական չէ նաև երևույթը, երբ նախկինում իշխանության հետ հաջողությամբ սեղան նստած-վեր կացածներն այժմ էլ նորօրյա իշխանական-հարստացածների հետ են հաց կիսում՝ մոռանալով հայրենազրկումը, առնվազն կրկնապատկված Եռաբլուրը։ Կարևորը փողն է՝ փորը կուշտ լինի։

Եվ այսպես, ներկաների «խաթրն առած» ու այդպիսով «գործերը աջ» դասավորած նախկիններից մեկը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Նա քչերից էր, ով հետհեղափոխական փուլում զերծ մնաց ասֆալտին փռվելուց, պատերին ծեփվելուց, նրա անունը չշահարկվեց տարբեր քրգործերում։ Այլ խոսքով, ի տարբերություն շատերի, Աբրահամյանը քաղաքական հետապնդման չենթարկվեց, նույնիսկ մի կարգին քրեական հետապնդման չենթարկվեց, չնայած կարող էր և պետք էր։ Մեր հրապարակումն այն մասին է, թե ինչպես կրծող կենդանու մականունով նախկին պաշտոնյային սեփական «շուստրիության» հաշվին հաջողվեց ծլկել Փաշինյանի ու նրա անձնական օգտագործման իրավապահների ձեռքից ու պոչն էլ հետը հարմար տեղավորել ապահով վայրում։

Եվ այսպես. 2018 թվականին, երբ «գորշ կարդինալ», արդեն մերօրյա խոշոր ձուկ Տիգրան Ավինյանը նշանակվեց փոխնիկոլփաշինյան, նրան հաճախակի էին տեսնում Սերժ Սարգսյանից խռոված «վտակ» Աբրահամյանի և նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ։ Այս հանդիպումները տեղի էին ունենում Արգամիչին պատկանող «National» հյուրանոցում։ Դրանց շնորհիվ և արդյունքում Արգամիչի վաղեմի օգնական, նրա «ստվերային» հարցերով զբաղվող Ժորը նշանակվեց Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Ժորը հանրության մեջ հայտնի էր իբրև Հովիկի Ժոր։ Վերջինս 2016-17թթ. ձերբակալվել էր Բագրատաշենի մաքսակետում թմրանյութերի առևտրի համար։ Այնուհետև նա ինչ-որ զուգադիպությամբ հայտնվեց ազատության մեջ։

Հովիկի Ժորի՝ Ավինյանի գրասենյակի ղեկավար նշանակվելուց հետո կարծես Աբրահամյան ընտանիքի լուսաբացներն ավելի խաղաղ դարձան։ Մասնավորապես, կարճվեց Արգամիչի եղբորը պատկանող տարածքներից հայտնաբերված АК74-երի գործը, որը, իրավապահ մարմինների կողմից հայտարարվել էր, որ բաժանվել է 2008թ. մարտի 1-ին։

Ահա, թե ինչպես է աշխատում նոր իշխանությունը. բոլոր նախկին փողատեր-պաշտոնյաներին անցկացնում է Նիկոլի թրի տակով, դրա դիմաց ինչ-որ բաներ պոկում, այլապես քրեական գործերը կան ու կան, եթե չլինեն էլ, հսկայական դատախազությունը հենց դրանք կարելու համար է աշխատում։ Իսկ նախկիններն իրենց հերթին թքած ունեն ամեն ստորացման վրա, որոնց ենթարկվում են նորօրյա իշխանիկների կողմից։ Պատրաստ են զոհել սեփական պատիվը, հեղինակությունը, անունն ու անգամ խիղճը։ Վաճառել սատանային։ Միայն թե նախկին չարքաշ կյանքին չվերադառնան, որով ապրում էին մինչ պաշտոնյա դառնալը։

 

kotayk

Լրահոս