8 Դեկտեմբերի, 2022

Սահմանային իրավիճակը լարված է` հաշվի առնելով, որ անընդհատ կրակոցներ կան, և դա չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Լարվածությունը մշտապես կա։ Մեր խնդիրն է՝ պրոցեսին լարվածություն չհաղորդելը, բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը։ Չեմ կարող ասել, որ այսօր վտանգները վերացված են, սակայն նաև վախեցնել չեմ ուզում, քանի որ այս պահին կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»,–ասաց Պապիկյանը։

Զենք-զինամթերք ձեռք բերելու հետ կապված Պապիկյանը նշեց, որ միշտ էլ գուցե տարբեր շուկաների փնտրտուք եղել է, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դիտարկում են նոր հնարավորություններ։

«Բազում դռներ ենք բախել, այս պրոցեսը բնական է` խոսքը նոր որակի սպառազինություն ձեռքբերելու մասին է։ Մեծ աշխատանք է տարվում, և տեսանելի են որոշակի արդյունքներ, որոնք մոտ են առարկայական լինելուն», հայտարարել է նա։

Լրահոս