6 Հոկտեմբերի, 2022

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե «Վարդան Օսկանյանը և մյուսները իրենց ժառանգություն են թողել կապիտուլյացիոն փաստաթուղթ»։ Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրել է իր արձագանքն այդ հայտարարությանը։

Ani Product

Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ 2008-ին սեղանին դրված փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում, որը հմուտ օգտագործման դեպքում կհանգեցներ Արցախի ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչելի իրացմանը։ Դեռ անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ այն չարհամարհելու, զրոյական կետից չսկսելու և հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում ոչ միայն կարող էր բացառել պատերազմը, այլև հենց այդ փաստաթղթերում առկա դրույթների վրա հենվելով՝ հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների: Իրականում նույնիսկ ամենամեծ զիջումների դեպքում լուծումը կլիներ անհամեմատ ավելի լավը, քան այն ընտրությունը կամ նույնիսկ ընտրության բացակայությունը, ինչին հանգեցրել է գործող իշխանության փորձի ու գիտելիքի բացը։

Ani Product

Այսօր, դժբախտաբար, նույն համառ գործելաոճը շարունակվում է։ Իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում մեզ դրել են անելանելի երկընտրանքի առաջ՝ ընդունել Ադրբեջանի ամենամաքսիմալիստական պահանջները, եթե ոչ՝ պատերազմ։

Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է։

Դատելով վերջին օրերի դիվանագիտական ակտիվությունից և հայտարարություններից՝ այսօր սեղանի վրա են Ադրբեջանի երեք պահանջները՝ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս, միջանցքը, սահմանազատման խնդիրը, այսինքն՝ անկլավները։

Հայկական կողմն այդպես էլ չկարողացավ ընդլայնել այս՝ բացառապես ադրբեջանական օրակարգը։

Դիվանագիտական առևտուրը կարծես թե գնում է հենց այս եռանկյունու շրջանակում, որտեղ հայկական կողմի մոտեցումն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Ադրբեջանին դրդել հրաժարվել միջանցքից և անկլավներից։ Բնականաբար, այս մոտեցման իրականացումը կլինի Արցախի վերջնական կորստի ամենակարճ ճանապարհը։

Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրագայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։

Հայաստանը պետք է կարողանա բանակցային սեղանին դնել իր օրակարգային խնդիրները, այդ թվում՝ Շուշիի և Հադրութի ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և գերիների վերադարձի խնդիրները։ Այս հարցերն անպայմանորեն հենց Պրագայում պետք է դնել սեղանին՝ բանակցային օրակարգը եռանկյունուց դարձնելով բազմանկյուն, ինչը լայն հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացում առավել արդյունավետ ելքեր որոնելու համար։

Լրահոս