21 Մարտի, 2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։ Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։

kotayk

Լրահոս