2 Դեկտեմբերի, 2022
«Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շիրակ Թորոսյանի «բոցաշունչ» ելույթի հետքերով:

Լսեցի այսօր ԱԺ ամբիոնից հնչած իմքայլականների ելույթները, և կուզեի հատկապես անդրադառնալ Շիրակ Թորոսյանի երկնած մտքերին: «Հանրապետական» խմբակցության երբեմնի մշտաբնակ իմ նախկին գործենկերոջ ելույթը, մեղմ ասած, ազնիվ չէր:

Հիմնավորեմ կետ առ կետ:

– Նա խոսում է բանակցային գործընթացից, համեմատելով նախկինում տեղի ունեցողը և ներկան: Թարմացնեմ իմքայլական պատգամավորի մշուշված հիշողությունը` նախկինում եղել է միջազգայնորեն ճանաչված բանակցային մեկ ձևաչափ և մեկ փաթեթ

– ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ, հստակ սկզբունքների վրա հիմնված, և միջազգային հանրության կողմից խաղաղ կարգավորման մանդատ ստացած բանակցային մեկ հարթակ, որտեղ ի դեպ, կոնկրետ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին Արցախ, հանդիպում էին Արցախի իշխանությունների և հասարակության հետ, հայկական կողմն էլ ներկայացնում էր Արցախի և Հայաստանի շահը, ինչը և ներառված էր բանակցային փաթեթում:

Ներկայումս այս խառը բրոունյան շարժում հիշեցնող հանդիպումներում և բանակցություններում, որտեղ, ի դեպ, այլևս չկա Արցախի ինքնորոշման մասին որևէ հիշատակում, որևէ բանակցային ձևաչափ չկա, մեկ կոնկրետ փաթեթ չկա, ով ասես բանակցում և հանդիպում է, Հայաստանը դարձել է մեծ քաղաքական խաղերում թենիսի գնդակ: Որն է բանակցային ձևաչափը, ինչ է բանակցվում, ինչ է դրված սեղանին, ով է հեղինակը, որն է Հայաստանի և Արցախի շահը, ով է փաթեթի հեղինակը` Բորելը, Պուտինը, Շարլ Միշելը, Էրդողանը, բնականաբար պարզ չէ:

– Շիրակ Թորոսյանը խոսում է Ապրիլյան պատերազմի մասին, նշելով, որ այդ ժամանակ ևս չճանաչվեց Արցախի անկախությունը: Վստահաբար նա չի մոռացել, որ անմիջապես Ապրիլյանի ընթացքում Սերժ Սարգսյանը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Իսկ հենց ինքը – Շիրակ Թորոսյանը, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը գովաբանողներից և ծափահարողներից է եղել, մեզանից էլ մեկ քայլ առաջ (չշփոթել “Իմ քայլի” հետ) փորձում էր հայտնել նախագահին իր հիացմունքը:

– Շիրակ Թորոսյանը նշում է, թե իբր նախկինում էլ ընդդիմությունը ժամանակին պահանջել է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի արվել: Հետաքրքիր է, թե ում ի նկատի ունի նա, եթե Արտաքին հարաբերությունների Արցախում տեղի ունեցած արտագնա նիստում ի պատասխան Զարուհի Փոստանջյանի նախագծին հենց Նիկոլ Փաշինյանն էր համաձայնվում, որ Արցախի անկախությունը ճանաչելը ճիշտ չէ:

Եվ ի վերջո, սիրելի Շիրակ, այո, դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, և եթե ծանրորդը չի կարողանում նախկինում եղած 200 կգ քաշը բարձրացնել, պետք չէ իջեցնել նշաձողը, ծանրորդին է պետք փոխել, նա անգամ ծանրորդ էլ չէ, ոտքերը ամուր չեն, ուսերը` կախ, կրծքին էլ մեր գերբը չկա:

Հա, ի դեպ, արվեստի մասին: Հին փիլիսոփաները ասում էին, որ ամենամեծ արվեստն արժանապատիվ ապրելն է: Չգիտեմ, ինչու հիշեցի…»

kotayk

Լրահոս