22 Հունիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի մեր թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, ավելին, մենք չենք տեսնում ուրիշ որևէ մեկին, որը Հայաստանը կկարողանա դուրս բերել այս ծանր վիճակից»:

Երեկ նման հայտարարություն է արել «Համահայկական ճակատ» կուսակցության համահիմնադիր Արսեն Վարդանյանը: Կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով հարցին, թե իրենց ներկայացուցիչներին գրեթե միշտ կարելի է տեսնել Սրբազան շարժման հավաքներին, նշել է, որ իրենք որևէ շարժման հետ չեն ասոցացվում, բայց աջակցում են հայ ժողովրդի արդար պահանջին: Վարդանյանը նաև նշեց, որ եթե հեռանալ-չհեռանալու հարցը թողնվի Նիկոլ Փաշինյանի կամքին, ապա նա չի հեռանա:

«Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք աջակցելու են յուրաքանչյուր կուսակցության կամ շարժման, որը պատրաստ է իրականացնել իշխանափոխություն: Նշենք, որ կուսակցությունը նոր համագումար էր հրավիրել, քանի որ ապրիլին կայացած հիմնադիր համագումարից հետո արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ:

Երեկ տեղի ունեցած համագումարում հեռակապով ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որից հետո կուսակցության նախագահ ընտրվեց Արսեն Վարդանյանը:

Լրահոս