«Հետք»-ը գրում է․ Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ։ Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։
2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։
«Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։
Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։