Միքայել սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են, այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Նախ, բոլորս էլ գիտենք, որ Սրբազանը միշտ (տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների ժամանակ) համարձակորեն արտահայտել է իր կարծիքը, անկախ նրանից դա դուր է եկել հանրությանը, իշխանավորներին, անհատներին, թե՝ ոչ:
Երկրորդ, անսխալական մարդ չկա: Սրբազանի տեսակետներն էլ կարող են ընդունելի չլինել հանրության, իշխանավորների կամ առանձին անհատների կողմից: Դա չի նշանակում, որ պետք է մոռանալ Սրբազանի կարգավիճակը, անցած ճանապարհն ու վաստակը:
Երրորդ, պետականության երեք բանալիներից մեկը՝ Եկեղեցուն և հոգևորականությանը հարգելն է: Սա նշանակում է, որ պետք է Միքայել սրբազանի արտահայտած ձեզ համար անընդունելի կարծիքին մոտենալ որդիական խոնարհությամբ, ինչը չի բացառում ձեր հակափաստարկները կամ առարկությունները հայտնելու հնարավորությունը, սակայն բացառում է վիրավորական խոսք հնչեցնելը:
Ցավոք, այս երևույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք դեռ ճահճում և այսքան հարվածներից հետո խելք չենք հավաքել: Իրականում ցանկանում ենք ոչ թե արժեհամակարգ վերականգնել, այլ ցանկանում ենք մի կուռքը փոխարինել մեկ այլ կուռքով: Իսկ սրա վերջը անխուսափելի մեծ պատիժն է:
Հ.Գ. Պետականության 3 բանալիներն են՝
1. հարգել եկեղեցին և հոգևորականությանը
2. հարգել իշխանություններին
3. սիրել ժողովրդին
Երբ որ մեր երկրում այս երեք բանալիները կլինեն, մեր պետականությունն ամուր և անխախտ կլինի»։