Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։
Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի շրջանակներում դատախազությունը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա՝ հայցագնի՝ 4,370,985,000 ՀՀ դրամի չափով։ Որպես միջնորդության հիմնավորում դատախազությունը նշել է, որ պատասխանողների պարտավորությունները առաջացել են ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում վնաս պատճառելու հիմքով, վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4,370,985,000 ՀՀ դրամի վնասը կամովին հատուցելու ուղղությամբ, և Պատասխանողները կարող են ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր է անհնարին դարձնեն կամ դժվարացնեն դատական ակտի կատարումը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։