16 Մայիսի, 2025

Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» արշավով հաջորդ ամիս գնալու է Արտաշատ, որտեղ կարդալու է Խորենացու «Ողբից» հատվածներ ու ասելու, որ պետք է կրթվեն, որովհետև կրթվելը նորաձև է։

168.am զրուցակցի փոխանցմամբ՝ ինչպես այլ վայրերում, Արտաշատում ևս դպրոցի ուսուցիչներին, պոլիկլինիկաների աշխատակիցներին հրահանգվել է՝ հունիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում պատրաստ լինեն, որպեսզի գնան ու ներկա լինեն Աննա Հակոբյանի հավաքին։

Մեր զրուցակիցը չցանկացավ անունը նշել, քանի որ դա կարող է հետագայում իր աշխատավայրում խնդիրներ առաջացնել։

Աննա Հակոբյանն իր հավաքն անցկացնելու է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում։

168.am զրուցակցի փոխանցմամբ՝ հստակ օր իրեն չեն ասել, միայն ասել են, որ նախապես կզանգահարեն ու ճշգրիտ օրը կասեն։

«Մեր բանն ու գործը պետք է թողնենք, որ գնանք ու իրենց միջոցառման համար ֆոն ապահովենք, կրթող են, թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն։ Եկել 40 տարվա մանկավարժին են կրթում, որ իրենց նման քանի սերունդ է կրթել։ Ուզում եմ հասկանալ, այս ամենի իմաստը ո՞րն է»,- շեշտեց նա։

Նա նաև փոխանցեց՝ Արտաշատում շատերն իրար ճանաչում են, միմյանց մոտ դժգոհում են, որ իրենց հրահանգել են ներկայանալ հավաքին, սակայն ավելի բարձր օղակներում իրենց բողոքը չեն արտահայտում, քանի որ վախենում են աշխատանքը կորցնել, կամ եթե աշխատանք չկորցնեն, աշխատավայրում իրենց հետ լարվելու են։

«Կրթելու փոխարեն, թող իրենց կրթական քաղաքականությունը փոխեն, պատկան մարմիններին հետևեն, որ նորմալ աշխատեն, ուսուցչին հարգեն, ոչ թե մարդկանց հավաքեն, ելույթ ունենան, նկարվեն, հետո դրանք ժողովրդի աչքը մտցնեն, թե տեսեք՝ մեզ ինչպես են ընդունում մարզերում»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Աննա Հակոբյանը և ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, տևական ժամանակ է՝ շրջում են մարզերում, որպեսզի կրթեն մարդկանց՝ «Կրթվելը նորաձև է» քարոզի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը, սակայն, այստեղ այլ է, նա ներկայացնում է «իրական Հայաստանի» հայեցակարգը։

Լրահոս