9 Հունիսի, 2026

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ ՔՊ-ականները, երևի, վերջապես մի լավ շունչ քաշեցին։ Ամիսներ շարունակ աշխատեցին, մարզերով վազեցին, տարբեր համայնքներում ակտիվ քարոզ իրականացրին, հիմա էլ հերթը հասել է արդյունքները վայելելուն ու հաշվելուն, թե ով ինչքան ներդրում ունեցավ ընդհանուր հաղթանակի գործում։

Կոտայքում այս առումով առանձնահատուկ ակտիվ էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Ինքը, իհարկե, սիրում է ասել, որ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց ինչ-որ հետաքրքիր զուգադիպությամբ ընտրություններից ընդամենը օրեր առաջ վերաբացվեց «Վանատուր» ռեստորանային համալիրը:Երկար ժամանակ շինարարություն էր ընթանում, ու հենց նախընտրական շրջանում ամեն ինչ պատրաստ եղավ։

Սակայն սա առաջին բացումը չէր։ Հրազդանցիները դեռ հիշում են, թե ինչպես նախորդ տարի նույն «Վանատուր»-ի բացման ժամանակ կարմիր ժապավենը կտրում էր անձամբ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին։ Համաձայնեք՝ ամեն օր չէ, որ քաղաքապետը գնում է ռեստորան բացելու ու հանդիսավոր ժապավեն կտրելու։ Բայց, ինչպես ասում են, ընտանեկան բիզնեսը նաև ընտանեկան տոն է։

Ընտրություններից առաջ Սասուն Միքայելյանը հասցրեց նաև դպրոցական ընկերների հետ նշել ավարտական 50-ամյակը։ Սեղանները՝ լիքը, տրամադրությունը՝ բարձր, հաշիվը՝ Սասունի վրա։ Բայց, ասում են, միայն հին հիշողություններ չէին քննարկվում։ Քաղաքական ակնարկներ էլ կային, ՔՊ-ին աջակցելու կոչեր էլ։ Դե դասընկերներն էլ ժպտացել են։ Ի վերջո, մարդը հյուրասիրում է։

Իսկ հիմա, երբ ընտրություններն արդեն անցել են, խոսվում է, որ նորաբաց ռեստորանում հերթական հավաքն է կազմակերպվել՝ այս անգամ ՔՊ-ի հաղթանակը նշելու համար։ Ասում են՝ լավ աշխատած թիմակիցներին էլ չեն մոռացել։

Դե երևի ժողովրդին, հատկապես հրազդանցիներին, դուր է գալիս Սասուն Միքայելյանի հաջողության պատմությունը։ Ինչ խոսում է՝ երբեմն կեսը չես հասկանում ինչ է ասում, բայց, փաստ է, որ մարդիկ տարիներ շարունակ լսում են ու շարունակում հավատալ։

Հարգելի հրազդանցիներ, մի բանում իսկապես կարող եք վստահ լինել,Սասուն Միքայելյանի և նրա ընտանիքի կյանքը հաստատ փոխվում է։ Տարեցտարի նոր ձեռքբերումներ,նոր ծրագրեր, նոր բիզնեսներ։

Միայն թե մի փոքր հարց կա։ Ձեր կյանքո՞ւմ ինչ փոխվեց։

Ամեն դեպքում, եթե 2018 թվականից հետո կա մեկը, ում կյանքը շոշափելիորեն փոխվել է, ավելի ապահով, ավելի հաջողակ ու ավելի բարեկեցիկ է դարձել, ապա Սասուն Միքայելյանն այդ մարդկանց շարքում է։

Ու հենց դրա համար էլ հրազդանցիները, երևի, պիտի ուրախ լինեն։ Ի վերջո, եթե սեփական կյանքում փոփոխություններ չկան, գոնե կարող են տեսնել, որ ինչ-որ մեկի կյանքում հաստատ կան։

Մնում է միայն հասկանալ՝ հեղափոխությունը, փոփոխությունները և «լավ ապրելը» կոնկրետ ում համար էին նախատեսված։

Բայց դե ոչինչ։ Հաջորդ ընտրություններին նորից կասեն՝ «լավ է լինելու»։ Ու քանի դեռ այդ խոստմանը հավատացողներ կան, «Վանատուր»-ի սեղանների դատարկ մնալու վտանգ հաստատ չկա։

Mnews.am

 

Լրահոս