Պահանջվում է նաև, որ Սոֆիա Հովսեփյանը նույն ժամկետում նույն լրատվամիջոցով և ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածած այն հայտարարությունները, որոնցում պնդել է, թե վարչապետը նախապես գիտեր ընտրությունների արդյունքները, կեղծել է դրանք, ստախոս է և ընտրությունների արդյունքները «նկարել» է։ Ն. Փաշինյանը դրանք համարում է զրպարտություն։
Մասնավորապես՝ վարչապետը վիճարկում է հետևյալ արտահայտությունները. «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։
Հերքման մեջ պետք է նշվի, որ այդ տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին։ Հերքման հրապարակման պայմանները պետք է լինեն նույնը, ինչ սկզբնական հրապարակման դեպքում, իսկ դրա անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի առնվազն 5000 տպաքանակով և ՀՀ ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել նրան։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանի դեմ հայցը ներկայացրել է Շիրակի մարզի, իսկ Մարուքյանի դեմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ՝ հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ»։