14 Հուլիսի, 2026

Այսինքն՝ Փաշինյանն իր «սև գործն» արել է, «իրավապահ համակարգին» հրահանգները տվել է, ու… գնացել է արձակուրդը վայելելու՝ մինչև ամսվա վերջ:

Տեսեք, իր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով միանգամից 1-2 օրվա մեջ մի քանի տասնյակ ընկերություններ, ձեռնարկություններ են փակվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող ընկերությունների մասին է: Տարբեր հաշվարկներով՝ մոտ 7000 մարդ մնացել է անգործ: Եթե այդ աշխատողների ընտանիքներն էլ նկատի ունենանք, խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է:

Այսինքն, այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ կոմունալ վճարները մուծելու խնդրի առաջ կարող են կանգնել: Մի առավոտ արթնացել են ու իմացել, որ իրենց գործազրկել են: Ու խոսքը սովորական, պարզ, աշխատավոր մարդկանց մասին է: Դեռ չենք ասում, որ իշխանության այդ գործունեության հետևանքով տուժել են նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք փակված ընկերությունների հետ աշխատանքային պայմանավորվածություններ ունեն: Այսինքն՝ իրականում տուժածներն ավելի շատ են:

Դրան գումարած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը վերջնականապես փչացրել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գյուղացիներ, հողագործներ, բեռնափոխադրողներ, ահռելի վնասներ են կրում, անորոշ վիճակի մեջ են հայտնվել:

Իսկ ինքը՝ այդ ամենի գլխավոր հեղինակը, զբոսնում է սարերում ու անտառներում: Այ, կհանգստանա և մյուս ամսվա սկզբին կվերադառնա աշխատավայր ու արդեն նոր թափով, նոր եռանդով կսկսի բռնել, գործազրկել, փակել, «պետականացնել»…

 

Լրահոս