Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ և շարունակում եմ մնալ իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում։ Դա քաղաքական հաշվարկի արդյունք չէ, դա սկզբունքի, բարոյականության և քաղաքական արժանապատվության հարց է։ Երբ պետական ռեպրեսիվ լծակներն օգտագործվում են քաղաքական մրցակցի դեմ, յուրաքանչյուր արժանապատիվ մարդ պարտավոր է կանգնել անարդարության դեմ։
Միաժամանակ պարտավոր եմ լինել անկեղծ իմ ընկերների, համախոհների և հանրության հետ։
Քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ և արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, իրականացնել ասիմետրիկ քաղաքական քայլեր և քաղաքական նախաձեռնությունը վերադարձնել ընդդիմությանը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր աստիճանաբար մաշեցնել իշխանության ռեպրեսիվ մեքենան և հասնել իրական փոփոխությունների։
Չեմ կարող պնդել, որ այս ծրագրային մոտեցումները լիարժեք կիսվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ձևավորում են ԲՀԿ-ի քաղաքական մարտավարությունը։ Ունեմ սկզբունքային տարաձայնություններ նաև Գագիկ Ծառուկյանին աջակցելու որդեգրված մեթոդաբանության հետ, որտեղ, իմ գնահատմամբ, քաղաքական պայքարի բաղադրիչը բավարար չափով չի ներկայացված։ Մինչդեռ համոզված եմ, որ հենց քաղաքական պայքարն է այն հիմնական հարթակը, որտեղ հնարավոր է ոչ միայն պաշտպանել Գագիկ Ծառուկյանին, այլև փոխել երկրում ստեղծված իրավիճակը։
Հետևաբար, այսուհետ իմ բոլոր հրապարակային քաղաքական գնահատականները, նախաձեռնություններն ու գործունեությունը ներկայացնելու եմ բացառապես իմ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից։
Սա հրաժարում չէ գործընկերային հարաբերություններից։ Սա քաղաքական ինքնուրույնության, գաղափարական հետևողականության և պատասխանատվության բնական դրսևորում է։ Այս քայլը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարության դեմ պայքարի, այնպես էլ ավելի լայն քաղաքական օրակարգի ուղղությամբ։
Միաժամանակ վերահաստատում եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը, ապօրինությանը կամ անարդարությանը, ես շարունակելու եմ լինել նրա աջակցության առաջնագծում։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնային առաքելությունը մնում է անփոփոխ՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, արդյունավետ և մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը, հասարակության առողջ ներուժի համախմբմանը և երկրի զարգացման իրատեսական ու պատասխանատու այլընտրանքի ձևակերպմանը։
Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր քաղաքական որակ, նոր մտածողություն, նոր կազմակերպվածություն և նոր պատասխանատվություն։ Այս համոզմամբ «Դեմոկրատական այլընտրանքը» շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ հանուն ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի՝ պատրաստ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարության, արդարության և ինքնիշխանության սկզբունքները»։