7 Դեկտեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին և ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է և մտահոգված է այս ամենի մասին»:

Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են: Բայց  ի՞նչ է նշանակում հետևյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:

Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչև բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արևմտյան կենտրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ արևմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:

Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար, այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաև Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետև ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս