«Ժամանակ» թերթը գրում է.
«Մոտ երկու շաբաթ հետո Արմեն Սարգսյանը ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը: Չնայած այն հանգամանքին, որ չորրորդ նախագահը չի հանդիսանալու պետության ղեկավարը և էապես «խուզվել» են նրա լիազորությունները, սակայն Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե երկիրը ղեկավարելու է խոսքի ուժով` ակնարկելով հասարակության վրա հենվելու մտադրության մասին: Ժամանակակից քաղաքականության մեջ հստակ խոսքը, դիրքորոշումը երբեմն ավելի ազդեցիկ նշանակություն են ունենում հանրային կարծիքի ձևավորման վրա, քան ֆորմալ լիազորությունները, որոշումները, հրամանագրերը:
Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է և, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները:
Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, և երկրում կատարվող կարևոր իրադարձությունները նրան չեն հուզում:
Օրենսդրորեն Երևանի ավագանին լրագրողների առջև փակվում է, ինչը ենթադրում է մունիցիպալ իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության էական սահմանափակում, սակայն Արմեն Սարգսյանն որևէ կերպ չի արձագանքում այս փաստին` թեև տասնյակ անգամներ կարևորել է լրատվամիջոցների աշխատանքը և պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները գրոշի արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձության: Սա հենց այն բացառիկ դեպքն էր, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող էր ազդել զարգացումների վրա` կանխելով ժողովրդավարության էական սահմանափակման կոնկրետ դրսևորումը:
Կամ` հատկապես ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը տողատակով հասկացնում էր, որ ինքը դեմ է քաղաքականապես մոտիվացված ազատազրկումներին: Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դատարանը տասը տարի հինգ ամիս ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին, ինչը քաղաքական հաշվեհարդարի դրսևորում համարեցին անգամ վերջինիս գաղափարական հակառակորդները, սակայն Արմեն Սարգսյանը շարունակեց լռել և որևէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:
Արմեն Սարգսյանը «հետևողականորեն» լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը, ըստ էության, խմբագրեց Սահմանադրությունը` ավելի կրճատելով նաև նախագահի լիազորությունները և խորհրդարանական համակարգի փոխարեն` երկրում ներդնելով ըստ էության, անձնակենտրոն սուպերվարչապետական մոդել:
Երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ: Այսօրվա գավառամիտ, վայրենի իշխանությունն իրականում վերարտադրվում է հենց այս կարգի` արևմտյան բարի ու գեղեցիկ արտաքինով կոմֆորմիստների մասնակցությամբ և թողտվությամբ: Խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվում էր Կարեն Կարապետյանի «նոր ոգով», Սերժ Սարգսյանի նոր իշխանությունն այս օրերին ամբողջանում է Արմեն Սարգսյանի բարի ու անբովանդակ ժպիտով:
Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
: