21 Նոյեմբերի, 2016

«Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանի կողմից 64 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու գործն ուղարկվեց դատարան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գրիգորյանը յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված և Մարի Մախայներին ու Միխայել Մեսյանին պատկանող 30 մլն 396 հազար դրամին համարժեք 64 հազար ԱՄՆ դոլարը:

Նոտարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Հոդվածը նախատեսում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Վահագն Գրիգորյանը կալանավորված է։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն էլ հաղորդել էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով քաղաքացին 81 հազար դոլարով վաճառել է իր բնակարանը։ Գնորդը վճարել է 16 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած 65 հազար ԱՄՆ դոլարը պարտավորվել վճարել մինչեւ 2015 թվականի մարտի 15-ը, սակայն պայմանավորվածությունը խախտվել է, եւ մարտի 20-ին փոխանցվել է ընդամենը 1000 ԱՄՆ դոլար։

Ամիսներ անց՝ 2015թ. հուլիսի 8-ին բնակարանի նոր սեփականատերը գրավոր դիմել է «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտարին՝ խնդրելով 64 հազար ԱՄՆ դոլարն ընդունել դեպոզիտ՝ բնակարանի նախկին սեփականատերերին հանձնելու համար։ Նոտարը գրանցամատյանում կատարել է համապատասխան գրանցումը՝ գումարն իրեն հանձնելու վերաբերյալ, սակայն, խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 73-75-րդ հոդվածների պահանջները, այն չի ընդունել դեպոզիտ հաշիվ եւ չի հանձնել նախկին սեփականատերերին։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ նոտարը յուրացման եղանակով հափշտակել է նշված 64 հազար ԱՄՆ դոլարը։

Լրահոս