27 Հունիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալի մասով գործն ուղարկվելու է դատարան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։

Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ, և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը՝ Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։ Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել գերիներին, փաստ է։

Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր գերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Գերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։ Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում՝ Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով, ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։

Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել, և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում գուցե նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ հնչեն, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։ Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։

 

kotayk

Լրահոս