25 Հունիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ:

Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել:

Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը…

Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը… Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»:

kotayk

Լրահոս