6 Դեկտեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում: Խոսակցություններ կան անգամ, որ ակումբը նրան է պատկանում:

«ՔՊ-ական պատգամավորը «Կապան-Գանձասարի» բոլոր խաղերին ներկա է, ակումբի հետ կապված ցանկացած բան ինքն է որոշում, լուծում եւ այլն: Վարչապետ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը մատի փաթաթան դարձրած, թե ֆուտբոլը պետք է Կապան վերադառնա՝ հասել է նրան, որ գոծադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում ակումբին»,- «Ժողովուրդ» թերթին ասաց Սյունիքի մեր լավատեղյակ աղբյուրը: Թե ինչ վրձնահարվածով է նկարիչ պատգամավորը նաեւ ֆուտբոլի ասպարեզում հայտնվել, անձամբ նրանից փորձեցինք ճշտել:

«Ես, այո՛, ակումբի բոլոր խաղերին հետեւում եմ, եւ, այո՛, գործադիրը, իմ տեղեկություններով, ֆինանսական օժանդակություն է տալիս ակումբին: Հուսանք՝ ակումբն այնքան կաճի, կզարգանա, որ որոշ ժամանակ անց պետական ֆինանսական աջակցության կարիք այլեւս չի ունենա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ակումբն իմն է, ապա դրանք խոսակցություններ են, որ գոյություն կարող են ունենալ»,- փաստացի մեր լուրը հաստատելով՝ ասաց Դանիելյանը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս