11 Հունիսի, 2024

 «Փաստ» օրաթերթը գրում է. շ

«Ուկրաինայում ընթացող պատերազմի պայմաններում ավելի է սրվում ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որն օրավուր նոր պատկեր է ստանում հատկապես Արևմուտքի պահվածքի առումով: Ի տարբերություն Ռուսաստանի, որը հանդես է գալիս որպես ինքնուրույն գործող մեկ աշխարհաքաղաքական միավոր, Արևմուտքն իր մեջ ընդգրկում է մի քանի աշխարհաքաղաքական միավորներ՝ ընդգրկելով գլխավորապես եվրատլանտյան տարածաշրջանը։ Արևմուտքի ներսում ամենախոշոր խաղացողներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։ Ու տարբեր հարցերում արևմտյան այս տերություններն ունեն իրենց ուրույն մոտեցումները։ Պարզ է, որ իր ռազմական արտադրության հզորությունով եվրոպական ոչ մի երկիր ընդունակ չէ Ուկրաինային տրամադրել այն օգնության չափը, որը տրամադրում է ԱՄՆ-ը։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների անհամաձայնության պարագայում ձգձգվում էր Ուկրաինային տրամադրվելիք 60 մլրդ դոլարի օգնության հարցը, եվրոպացիններն արդեն ահազանգում էին, որ իրենք ընդունակ չեն լրացնել այդ չափի սպառազինությունը, և արդյունքում Ուկրաինան կպարտվի։ Չնայած Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների սրությանը, Վաշինգտոնում փորձում են ամեն կերպ ձեռնպահ մնալ Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից ու սահմանափակում են նաև Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանին հարվածներ հասցնելու հարցում։ ԱՄՆ վարչակազմն այնպիսի դիրքորոշում է արտահայտում, որ իրենք դեմ են երրորդ համաշխարհային պատերազմին։ Բայց մյուս կողմից էլ՝ ուկրաինական հակամարտության հարցում էապես ակտիվություն է փորձում ցուցաբերել Ֆրանսիան։ Այդ երկրի նախագահ Մակրոնը փորձում է ցույց տալ, որ ամենից շատ իրենք են պատրաստ օգնել Ուկրաինային։

Մակրոնը նշում է, որ Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և հրահանգիչների միջոցով ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Բայց հարկ է նկատել, որ «Միաժ 2000-5»-երն արդեն հին սերնդի կործանիչներ են ու դժվար թե ռազմաճակատում եղանակ փոխեն։ Մյուս կողմից՝ Ֆրանսիայի առաջարկով Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հարցում եվրոպական կոալիցիայի ստեղծման խնդրի շուրջ մյուս եվրոպական երկրների միջև չկա համաձայնություն։ Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը կոնկրետ դեմ է այդ գաղափարին։ Սրան զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ խոսվում է այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է զորքեր ուղարկել Ուկրաինա, որոնք կկռվեն ուկրաինացիների հետ ուս ուսի տված, բայց որոշ ժամանակ անց Ֆրանսիայից հայտարարություններ են հնչում, թե ֆրանսիացի զինվորները մտադիր չեն զոհվել Ուկրաինայի համար։ Նկատի ունենանք, որ Ուկրաինային ամենաշատ օգնություն տրամադրած եվրոպական երկիրը Գերմանիան է, իսկ Փարիզից Կիևը միայն մեկը մյուսից մեծ խոստումների դոզա է ստանում։ Պատահական չէ, որ Ուկրաինայում «մակրոնել» բառը արդեն թևավոր արտահայտության իմաստ է ձեռք բերել և ստացել է «խոստումներ տալ ու չկատարել» իմաստը։ Հայաստանին ևս Արևմուտքից մեծ խոստումներ են տալիս։

Հատկապես քաջալերող հայտարարություններ են հնչում Ֆրանսիայից։ Ու շատերի մոտ այն պատկերացումն է ստեղծվում, թե Արևմուտքը և մասնավորապես Ֆրանսիան գալու են ու մեզ այս ծանր վիճակից հանեն։ Բայց այդպես էլ Հայաստանին չի տրամադրվում այն օգնությունը, որն անհրաժեշտ է արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ֆրանսիան Հայաստանին խոստացել է ընդամենը 2-3 ռադար ու իրենց արդիականությունը կորցրած զրահամեքենաներ, որոնք Ուկրաինան անգամ հրաժարվել էր ընդունել։ Իսկ այսպիսի զենքերը չեն կարող էական դերակատարություն ունենալ ռազմական գործողությունների ժամանակ։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից Հայաստանին ընդամենը 335 մլն դոլարի ֆինանսական օգնություն են խոստացել, որը պետք է իրականացվի տարիների ընթացքում ու դժվար թե իրավիճակ փոխի։

Եթե իրոք ցանկանում է աջակցել Հայաստանին, Արևմուտքը ունի տնտեսական գործիքակազմն Ադրբեջանին զսպելու համար, սակայն արևմտյան երկրները փաղաքշում են Ալիևին՝ աչք փակելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների առաջ։ Արևմուտքի համար ամենակարևորն այն է, որ ածխաջրածիններն անվտանգ Ադրբեջանից հասնեն Եվրոպա։ Նշված իրողությունները հստակորեն փաստում են այն մասին, որ հույսը դնելով Արևմուտքի աջակցության ու խոստումների վրա՝ Հայաստանն ընդհանրապես կարող է միայնակ մնալ արտաքին սպառնալիքներին դեմ հանդիման»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս