8 Հունիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը «հեռավորության վրա», բայց կիսաթաքույց համակրանքով հետևող հայրենակիցներից ու ոչ միայն նրանցից հաճախ կարելի է լսել այս կարգի հարցեր՝ «լավ, Նիկոլին հեռացրեցինք, բա ո՞վ է լինելու հետո… իսկ կարո՞ղ է, հանկարծ, նախկինները… կարո՞ղ է այսպես… կարո՞ղ է այնպես…»: Նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ լուսահոգի հորեղբայրս, ասում էր. – «Կարող ա»-ն ցանել են, չի աճել: Ինչ վերաբերում է վերը նշված հարցերին, ապա դրանք փաշինյանական ագրեսիվ ու մանիպուլյատիվ քարոզչության ֆանտոմային արձագանքներ են: Այն առումով «ֆանտոմային», որ այդ հարցերը երկրորդողները չեն կարծում, թե իրենք Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, հակառակը, որ հարցնես, կասեն՝ իրենք էլ են Փաշինյանին դեմ, բայց էլի՝ «կարո՞ղ ա…»:

Հատկանշական պահ է այն մոլորեցնող նրբերանգը, որ այդպես արտահայտվողները գրեթե զրոյական ուշադրություն են դարձնում այն իրողությանը, որ մինչ իրենք նման խորիմաստ հարցեր են քննարկում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է փոքրանալ, շարունակում է կորցնել տարածքներ, ճանապարհներ, ամենակարևորը՝ կորցնել ապագան, հեռանկարը, հնարավորությունները: Ավելին, նման հարցեր շրջանառողները երբեմն այնպես են խոսում օրվա իշխանության մասին, որ կարելի է կարծել, թե նրանց արդեն վաղուց հեռացրել են պետության ղեկից, իսկ հիմա էլ ծանրութեթև են անում իշխանությունն ում վստահելու հարցը: Կեղծ ու մանիպուլ յատիվ են նաև այն ոլորուն խոսակցությունները, որ եթե մարդիկ տեսնեն կամ որոշեն, թե ով է լինելու հետո, Փաշինյանին արագորեն կհեռացնեն իշխանությունից, կամ ոտքի կելնեն, որպեսզի հեռացնեն:

Չեն ելնի: Որովհետև ցանկացած «ով է լինելու»-ի դեպքում անխուսափելիորեն գտնվելու են պրոֆեսիոնալ չմահավաններ, իբր գերմտահոգ սրտացավներ, հավկիթի մեջ վարս որոնողներ ու նմանօրինակ կերպարներ, որոնք էլի իրենց բազմախոսությամբ «ջրելու» են հիմնականը՝ հավերժական «կարո՞ղ ա»-ներով: Իսկ կարո՞ղ է մի հատ վերհիշենք, թե, առհասարակ, ինչի՛ է այս ամենը, կամ՝ ինչի համար ենք հավաքվել, ինչպես ասվում է: Հիմնական հարցը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով նախ և առաջ կասեցնել Հայաստանի կործանումային անկման այս ընթացքը: Առանց այս առանցքային հարցը լուծելու, ըստ էության, որևէ իմաստ չունի «բա հետո»-ի մասին ինչինչ դատողություններ անել: Ասել ենք, կրկնենք. վագրի մորթին կիսելը գայթակղիչ զբաղմունք է, բայց առաջինը պետք է որսալ այդ վագրին՝ պատկերավոր ասած:

Կամ, եթե ավելի պարզ արտահայտվենք, պետք չէ ձուկը՝ ջրում, առևտուր անել, առավել ևս, չարժե ջուրը չտեսած՝ բոբիկանալ: Առավել ևս, որ, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, Նիկոլից հետո Հայաստանում իշխանության գալը յուրատեսակ կամիկաձեություն է: Հստակ հայտարարվել է, որ շարժման առաջադրած նպատակին հասնելուց, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ձևավորվելու է անցումային կառավարություն: Դա, կարծում ենք, առավել քան բավարար ու հստակ նախանշում է: Ճիշտ է, այստեղ էլ նորից խոսակցություններ են ծայր առնում, թե բա՝ այսինչ նախարարը ով կլինի, այնինչ նախարարը ով կլինի… Բայց սա ևս անլուրջ խոսակցություն է: Նախ՝ ինչպես ասվում է՝ առվի վրայով ցատկիր: Եվ հետո, հիմիկվանից անուններ հնչեցնելն ամենասխալ բանն է, որ կարելի է անել:

Այդ մարդիկ ուղղակի կհայտնվեն շուրջօրյա թիրախավորման ներքո: Ու ընդհանրապես, բոլոր այն հարցադրումները, որոնք հանրությանը, ակտիվներին, հետաքրքրվողներին շեղում են գլխավոր հարցից ու անելիքից, մեծ հաշվով՝ ընդամենը օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, որպեսզի շարունակեն պահպանել իշխանությունն ու Հայաստանի կոտորակումը: Ժողովուրդը հավաքվել է ու էլի կհավաքվի: Ուղղակի պետք է կենտրոնանալ այս պահին դրված նպատակի համար: Այլապես «նախկին-չնախկին», «բա հետո, բա 3 տարի անց» ու նման խոսակցությունները շարունակ հեռու կտանեն ու կհեռացնեն գլխավորից: Մյուս կողմից՝ նման խոսակցությունները, կարծես, տեղ են թողնում նաև օրվա իշխանություններին՝ տարատեսակ ու նոր մանիպուլ յացիաների դիմելու համար:

Ամենից վատը, նրանց թույլ են տալիս մտածել, թե իրենք դեռ խոսելու տեղ ունեն: Միգուցե արժե՞ թեթևակի հիշեցնել, թե ինչեր են արել Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն: Բանակցային գործընթացի տապալում, պատերազմական գործողությունների դիմելու համար թշնամուն որոշակի հիմքերի ապահովում («Արցախը Հայաստան է ու վերջ»), պատերազմի ընթացքում բազմաթիվ անընկալելի ու անտրամաբանական որոշումներ, որոնք հանգեցրեցին աղետալի պարտության՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների, կապիտուլ յացիա, թշնամուն շարունակական զիջումներ, նորանոր ռազմական բախումներ ու նորանոր կորուստներ, Արցախի ուրացում և հաջորդող կորուստ և հայաթափում: Հիշեցնե՞նք, որ 2021-ին ինքնավերարտադրվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորություններով և 1 տարի անց ուրացել, ժխտել այդ ամենը՝ թշնամու հետ գալով խայտառակ ու կործանարար համաձայնության:

Ու դա էլ վերջը չէ: Այս ամենի հետ նորից հիշեցնենք Փաշինյանի մոլորեցնող, եթե չասվի՝ ստախոսական թեզերը, որոնց մի զգալի մասին անդրադարձել ենք: Չզլանանք ու մի քանիսը հիշեցնենք: Օրինակ՝ այն, որ եթե Արցախը չտա, պատերազմ կլինի, տվեց: Հետո եկավ՝ Կիրանցը որ չտանք, պատերազմ կլինի: Գործնականում տվեց: Հիմա Ալիևն ասում է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխեք, թե չէ՝ ոչ մի խաղաղություն-մաղաղություն: Վաղը կասի… Ու Փաշինյանը կանի՝ հերթական սուտ, մանիպուլ յացիա հորինելով: Նման իրավիճակում «հետո»-ի մասին մտածելու բան չկա: Ցանկացած օրինակ է կաղում, բայց, գիտե՞ք, երբ մարդը նետվում է կրակի միջից մեկ ուրիշ մարդու հանելու, փրկելու, նա այդ պահին հաստատ չի նստում-մտածում այն մասին, թե հետո ով է բուժելու այրվածքներ ստացածին, ո՞ր բժիշկն է զբաղվելու կամ ի՞նչ դեղեր է նշանակելու: Առաջինը այրվողին հրդեհից փրկելն է:

kotayk

Լրահոս