«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝ քննարկեք ինձ, ասեք՝ ինչ ուզում եք, կարևորը՝ ցավոտ հարցերի մասին քննարկում չլինի: Այդ ամենին անդրադառնալն անլուրջ կլիներ: Բայց մի թեմա, ամեն դեպքում, ականջ սղոցեց: Վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ասում էր, թե ընդդիմադիրներն իրեն ու իր կառավարությանը, իբր, մեղադրում են, որ իրենք «բյուջե են լցնում»: Հա, ու խոսում էր այնպես ու այնպիսի համոզված տոնայնությամբ, թե «նախկիններն», իբր, պետական բյուջեն չէին «լցնում» կամ դատարկ էին թողնում:
Միանգամից հստակեցնենք, որ Փաշինյանի այդ պնդումները, մեղմ ասած, սուտ են: «Նախկինները» նույնպես կարողանում էին «բյուջե լցնել», ավելին, օրինակ՝ 1998-2008 թվականների միջակայքում ՀՀ բյուջեի «տարողությունը» գրեթե տասնապատկվել է, մի քանի հարյուր միլիոն դոլարից հասնելով շուրջ 2,5 միլիարդ դոլարի: Սա, եթե չխոսենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թռիչքաձև աճից՝ նույն 1998-2008 թվականներին:
Երկրորդ, որ տվյալ պարագայում ավելի էական է. ոչ մի ընդդիմադիր գործիչ կառավարությանն ու այն գլխավորող Փաշինյանին չի քննադատում այն բանի համար, որ վերջինները զբաղվում են պետական բյուջեի մուտքերն ապահովելով: Դա, մեր մեջ ասած, գործադիր իշխանության, իր ֆինանսահարկային կառույցների անմիջական աշխատանքային պարտավորություններից մեկն է: Այնպես որ, Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, պարզ ասած՝ խեղաթյուրում է իրականությունը:
Պետական բյուջեի մուտքերն ապահովելու, Փաշինյանի բառամթերքով ասած՝ «լցնելու» մեջ, ինքնին, վատ բան չկա: Դա, անխոս, կարևոր է ու անհրաժեշտ: Բուն հարցը (նաև մեղադրանքները, ինչը խեղաթյուրում էր Նիկոլ Փաշինյանը) այն է, թե ինչպե՛ս ու ինչի՛ (կամ ինչերի) հաշվին է լցվում այդ բյուջեն: Մյուս հարցն էլ այն է, թե ինչի (կամ՝ ինչերի) միջոցով է արվում դա, առավել ևս՝ ինչի (ինչերի) վրա են ծախսվում պետական բյուջեում հավաքված գումարները: Ի վերջո, «բյուջեն լցնելը» ինքնանպատակ չէ: Ո՛չ մի կերպ ինքնանպատակ չէ:
Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կառավարությունը բյուջեն լցնելու համար ավելի ու ավելի ամուր են սեղմում հասարակության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի պարանոցը պարուրած հարկային վզափոկը (թող ներեն մեզ «հերոս-հարկատուները» այդ արտահայտության համար): Ու այն, որ բիզնեսը, տնտեսվարողները, մեծ հաշվով՝ հասարակությունը շնչահեղձ է լինում օրեցօր ավելացող հարկերից ու տուրքերից, ամենից ցայտուն վկայում են նույն կառավարության թիվ 1 մասնաշենքի դիմաց օրումեջ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ակցիաները:
Մենք դեռ չենք խոսում «տեղական վճարների» դրակոնային ավելացումներից, տուգանքներից, այլ նմանօրինակ նկրտումներից, քաղաքացիների դեմ, պատկերավոր ասած՝ մի գրպանից մյուս գրպանը թղթադրամը «տեղափոխելու» վրա հարկեր սահմանելու իշխանական ցանկություններից: Չենք խոսում ուղեվարձի, «կամիր գծերի» թանկացումից, բառացիորեն ամեն ինչից «կոպեկ քերելու» իշխանական գործելակերպից:
Այսինքն, Փաշինյանի իշխանությունը ինչի՞ հաշվին է «բյուջեն լցնում»: Լցնում է ոչ մի կերպ չարդարացված, չհիմնավորված, արհեստականորեն բարձրացված հարկերի, տուրքերի ու, չմոռանանք, երկրի պարտքը կտրուկ ավելացնելու հաշվին:
Լավ, իսկ ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման քայլերի: Վերջին հաշվով, այնտեղ հո բոլոր աշխատասենյակներում «ամբիոնապարերով» չեն զբաղվո՞ւմ, գոնե մի քանի մասնագետ պետք է լինի: Պետք է, ու կան: Իսկ մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:
Հայաստանի տնտեսությունն այսօր իսկապես վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար: Լավ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նորանոր պարտքեր անում, ինչո՞ւ է հարկային բեռն ավելացնում: Գաղտնիք չկա. հարկային բեռն ավելացնում են, որովհետև բյուջեի մուտքերի ապահովման, իրական տնտեսական աճի վրա հիմնված եկամուտների սպասումներ չունեն:
Ու մարդիկ մի կերպ, ինչպես ասվում է՝ ճռռալով, մուծում են հարկերն էլ, տուրքերն էլ: Միայն տնտեսվարողները չէ: Մնացած բոլորս էլ վճարում ենք բարձրացած գների, թանկացած ծառայությունների միջոցով: Վերջին հաշվով, այդ ամենը մեր գրպանից ու, ինչպես սիրում են ասել, ժողովրդի ջանից է գնում:
Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում «հերոս-հարկատուների»՝ այդքան զոհողություններով վճարած հարկերը: Դա էլ գաղտնիք չէ: Օրինակ՝ ահռելի միջոցներ են ծախսվում Փաշինյանի կեցավայրի ու նրա «ընտանյոք» գործուղումների վրա, Փաշինյանի թիկնազորքի սպասարկման ու անհրաժեշտ վառելիք-մեքենաների վրա: Ահռելի միջոցներ են մսխվում նրա թիմակիցների տուրիստական «գործուղումների» վրա, էլ ավելի շատ՝ իշխանական այդ ամբողջ «բանակին» անիմաստ պարգևավճարումների վրա: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս քպականների բարեկեցության վրա:
Մի խոսքով, ոչ մեկը չի ասում, թե բյուջեն լցնելը, առհասարակ, վատ բան է: Հակառակը՝ դա կարևոր է: Բայց դրա համար էլ ձև կա, այլ ոչ թե՝ բոլորին հարկերով խեղդելով, ճնշելով, սնանկացնելով: Ո՞ւմ է պետք «լցված» բյուջեն, եթե դրա հետևանքով պետք է տասնյակ հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ սնանկանան, փակեն բիզնեսը, դառնան անգործ, բազմաթիվ քաղաքացիներ էլ՝ գործազուրկ: Ի՞նչ շահ «բյուջե լցնելուց», եթե դրա հետևանքով մարդկանց իրական եկամուտները պիտի նվազեն, մարդիկ պիտի նստեն «չոր վերմիշելի» ու «զտած ձեթի» վրա, իսկ որպես «պարգև» ստանան հեռուստաէկրանային տեսարան՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «ամբիոնապարով»..