1 Փետրվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

– Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

– Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպեսզի ներդրում ունենա Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կա նաեւ Հայաստանի անվտանգության հարցը: Մեր վերջին հանդիպումը մեկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թե ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կետերի: Նա շատ լավ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պետք է առանձնացնի, թե մեր առաջարկներից ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնությունների մասին: Դա դիվանագիտական աշխատանք է: Մեր նպատակը հաջողության հասնելն է, ոչ թե այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացավ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպետք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպես գիտեք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպությունների հետ: Դրանք կապված են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունեություն են ծավալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունեությամբ են զբաղված: Իսկ Էրդողանի եւ Չավուշօղլուի ցուցումով նրանք ակտիվանում են հայկական սփյուռքի դեմ՝ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպեսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:

– Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դեմ ուղղված Փաշինյանի քայլերը նեղ անձնակա՞ ն են` իշխանությունը պահելու համար, թե՞ Թուրքիայի հետ համաձայնություն կա այդ հարցում:

– Կարծում եմ՝ համաձայնություն կա Թուրքիայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփյուռքում կա շատ ակտիվ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական հարաբերությունների սցենարը գրված է Թուրքիայի կողմից: Սփյուռքն այսքան ազդեցություն ունի, պայքարում է Թուրքիայի դեմ, քանի որ նա մասնակցություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եվ եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին: Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թե ինչու է Փաշինյանը դեմ: Փաշինյանը դեմ է սփյուռքին, նա կողմ կլինի միայն, եթե սփյուռքը հնազանդվի իրեն: Փաշինյանը 2018 թվականին իր խոստացած արժեքներին դեմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա հաղթեց ժողովրդավարությանը: Արդյոք այժմ Հայաստանն ավելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդյոք օլիգարխներ չկա՞ ն, արդյոք ավելի լա՞վ է ապրում ժողովուրդը, Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան երեկ: Ինքը դավաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պետք է արթնանա: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփյուռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրա:

4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելվեց Հայաստան միայն քաղաքական մո- տիվներով, դա որեւէ իրավական հիմք չունի: Վերջ պետք է տալ Փաշինյանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Տեսանք, թե ինչպիսի խայտառակությամբ կազմակերպվեց Հայաստան-սփյուռք գագաթնաժողով կոչվածը: Արժեք չուներ: Պատմական սփյուռքի կազմակերպությունները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկա չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարը մեկ ամբողջություն են: Փաշինյանը եկավ ազգային արժեքները տկարացնելու համար: Այդ արժեքների մեջ պետք է միասնականություն լինի: Նա եկավ ու պայքար սկսեց այդ արժեքների դեմ: Նրա քաղաքականությունը Հայաստանը տարավ դեպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չուներ հզորացնելու Հայաստանը կամ չկարողացավ: Եթե բանանք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կդառնա տարածք, որտեղ ապրում են հայեր: Եվ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կհասնի Փաշինյանի օգնությամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսությունը, նա էլ ղեկավարում է քաղաքականությունը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրա: Ժողովուրդը պետք է դա գիտակցի:

– Կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը խանգարում է Փաշինյան-Էրդողան, այսպես ասած, դաշինքին:

– Այո: Դաշնակցության նպատակն է, որպեսզի հիմնվի զորավոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցությունը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագա, որը կլինի, եթե հարգվեն այն արժեքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պետք է հարգել սփյուռքը: Սփյուռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփյուռք, որն անպաշտոն դիվանագիտություն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփյուռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենա: Մենք պետք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի զորավոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թե ծնկի եկած, զիջող և ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս