2 Հուլիսի, 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայ գերիների մասին հրապարակումներ համացանցում կգտնեք միայն 2024 թվականի տարեսկզբին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ գերիների մասին հիշատակել է ՀՀ Ազգային ժողովի իր մի քանի հայտարարություններում, զրույցներում։ Մարտի 12-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի՝ գերիների մասին հարցին ի պատասխան, նշեց, որ ունեցել է զրույցներ հենց այդ օրը՝ առավոտյան, բայց ում հետ եւ կոնկրետ ինչի մասին այդպես էլ չասաց։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերիների մասին հիշատակումներ արել է 2023 թվականի տարեկան ամփոփիչ զեկույցի ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը, խախտելով պատասխանատուների լռությունը, փորձեց ստանալ կոնկրետ հարցերի պատասխաններ։

Արտգործ նախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարոն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք (https://news.am/arm/news/811881.html), որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան, որեւէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որեւէ հիշատակում նույիսկ չկա, անգամ՝ պաշտոնական հաղորդագրություններում:

-Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:

-Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի եւ միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները, կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն եւ խնդրին ավելի լայն հնչեղություն տան:

-Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի համատեքստում»:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձեւակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետեւյալ ընդհանրական պատասխանը։

«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում», – ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:

Առաջնահերթություն համարվող այս հարցի լուծման գործում իշխանությունները պարապուրդի են մատնված։ Հստակ ոչ մի քայլ չարած իշխանությունները՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հունիտի 12-ի Ազգային ժողովի նիստում ակնարկեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում պահվելը պահանջ է՝ «պետք է փտեն բանտերում»։

Օրհասական այս հարցը իշխանության օրակարգի, կարծես, վերջին տեղում է, որ որեւէ լուծում եւ հստակ քայլ չեն անում։»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա  համարում։

 

 

kotayk

Լրահոս