«Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանում բնաջնջել ժամանակակից ժողովրդավարության երկու գլխավոր հաստատությունները՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ վերացնելով դատարանների անկախությունը և իշխանության ապակենտրոնացումն ու տեղական ինքնակառավարումը։
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում, որով ընդդիմադիր համայնքապետերի գլխին հերթական մահակն է ստեղծում․ այն կլինի դատախազության ձեռքում, ինչպես նաեւ՝ այդ մահակով փորձում է ուղղորդել անաչառ դատավորներին։
Դա ենթադրում է դատախազության կողմից բացառիկ դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցում։ «Մասնավորապես՝ առաջարկվում է «պետական շահեր» եզրույթում «պետական» բառից հետո փակագծերում լրացնել «համայնքային» բառը»,- խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ մանրամասնեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ով նշանակված էր որպես հիմնական զեկուցող, եւ շարունակեց հիմնավորել․ «Ներկա օրենքում կիրառվող «պետական շահեր» եզրույթը սահմանափակ մեկնաբանելիս համայնքային միջոցների անարդյունավետ տնօրինման դեպքում, համայնքին, ՀՀ-ին պատճառված վնասի վերականգնման հարցում առաջանում են էական խոչընդոտներ։ Այդպիսի մեկնաբանության դեպքում կասկածի տակ է դրվում դատախազության՝ բացառիկ դեպքերում համայնքային շահի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասությունը։ Օրինակ՝ համայնքի ղեկավարի կողմից իրավախախտ գործողություններով համայնքին պատճառված վնասի դեպքում, երբ տվյալ պաշտոնատար անձի արարքը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի դիտարկվում որպես հանցանք՝ ստացվում է մի իրավիճակ, որ պատճառված վնասի վերականգնման միակ տարբերակը համայնքի ղեկավարի կողմից համայնքի անունից իր իսկ դեմ հայց ներկայացնելն է, իսկ նշված հայցը չներկայացնելու դեպքում չկա որեւէ մարմին, որն իրավասու կլինի միջոցներ ձեռնարկել հայցի հարուցման ուղղությամբ»։
Հիմա՝ ավելի պարզ, թե ինչ է ուզում կառավարությունը։ Մայր օրենքով տեղական ինքնակառավարումն ունի ապակենտրոնացված, ինքնուրույն բնույթ. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը», մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ վերացվում է ինքնակառավարումը, եւ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն է սահմանում դատախազությունը։ Դրանից բացի, համայնքային շահը չի նույնացվում պետական շահի հետ, այն հանրային շահ է, և նույնականացումը ևս կնշանակի Սահմանադրության ոտնահարում, քանի որ «հանրային շահ» հասկացությունը ներառում է պետական եւ համայնքային շահերը։
Գաղտնիք չէ, որ 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր կամ անցանկալի համայնքապետերից ազատվելու քրեական ճանապարհ է որդեգրել, իրավապահները շինծու գործեր են հարուցում համայնքապետերի դեմ, ոմանք վախենալով՝ միանգամից հրաժարական են տալիս, ոմանք կռվում են մինչեւ վերջ ու դատարանի որոշմամբ ապացուցում անմեղությունը։ Այս փոփոխությունը, կարելի է ասել, խիզախ, պայքարող պաշտոնյաների դեմ է, դրանով մեկ կրակոցով երկու նապաստակ կխփեն․ դատախազությունն իրավունք կստանա դատարանի ոչ նիկոլահաճո որոշումը բողոքարկել այլ ատյաններում ու սրտի դատավորների միջոցով հասնել ցանկալի վճիռների՝ լուծելով ըմբոստ համայնքապետերի հարցերը։ Բացի այդ, իրավունքը ստանալով, ուղերձ կփոխանցվի անաչառ դատավորներին, որ այս ու այն կողմ չընկնեն ու միանգամից լուծեն ըմբոստների հարցերը։
Փոփոխությունները քննադատեց նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Մեր խորին համոզմամբ՝ համայնքային շահը բերել, պետական շահի հետ զուգահեռել եւ ներկայացնել դա որպես պետական շահ՝ հակասում է սահմանադրական կարգավորումներին, որովհետեւ «հանրային շահ» հասկացությունը ներառում է պետական եւ համայնքային շահերը, հետեւաբար՝ համայնքային շահը բերել մտցնել պետական շահի մեջ, սա լրացուցիչ քաղաքական լծակի պատկեր է ձեւավորում՝ հատկապես ՏԻՄ մարմինների ընդդիմադիր հատվածի վրա գործադրելու ուղղությամբ»։
Նկատենք, որ պետաիրավական հանձնաժողովի անունից՝ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, ըստ էության, չպնդեց հակասահմանադրականության փաստը՝ դուխով առաջարկելով դիմել Սահմանադրական դատարան, որը վաղուց արդեն զավթել ու յուրային դատավորներով են համալրել և կասկած չունեն, որ ցանկացած հայցի դեպքում իշխանահաճո որոշում են ստանալու։
«Պարոն Մինասյան, տեղական ինքնակառավարման մարմիններն անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից է՞լ են անկախ։ Ինչո՞ւ ենք առարկում նրա դեմ, որ լրացուցիչ լծակ ունենա այդ համայնքի բնակչությունը՝ պահանջելու դատախազությունից՝ որոշակի միջոցներ ձեռնարկելու։ Չեմ կարող հասկանալ։ Սահմանադրական արգելքի մասին երբ խոսում ենք, նախ մենք ուսումնասիրեցինք Սահմանադրության բովանդակությունը, պարզեցինք, որ 8-րդ գլխում, որ դատախազության մասին է խոսվում, «հանրային շահ» եզրույթ չի օգտագործվում, «պետական շահ», գուցե հետխորհրդային տրամաբանությունից ելնելով, մնացել է։ Ասել ենք ձեզ, հանձնաժողովի մոտեցումն է, եթե գտնում եք, որ այստեղ պետք է փոփոխություն կատարվի, կամ նորմը Սահմանադրությանը համահունչ չէ, դա ձեր սահմանադրական իրավունքն է, նախագծի ընդունվելուց հետո վիճարկեք նախագիծը Սահմանադրական դատարանում։ Եթե մտածում եք, որ համայնքային շահը դուրս է «պետական շահ» հասկացությունից, սրա վերջնական պատասխանը կարող է տալ Սահմանադրական դատարանը։ Խնդրեմ»։