8 Դեկտեմբերի, 2022

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են քաղաքական գործիչներն ու փորձագետները նշում, թե իրականում հայ-ադրբեջանական բանակցային գործընթաց չկա, և գործ ունենք ընդամենը նման գործընթացի իմիտացիայի հետ: Նման կարծիք ունի նաև Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի համոզմամբ, առկա է զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները:

Անդրադառնալով ադրբեջանցիների՝ վերջին օրերի սադրանքներին, պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել: «Եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել: Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ կարող են համաձայնության գալ, որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով, միամտություն է այլ երկրներից անվտանգային երաշխիքներ ակնկալելը: «Երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի»,-ամփոփեց պատգամավորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս