10 Հունիսի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ղազարը համեստ, խելոք, զուսպ երեխա էր: Տարիքի հետ որևէ բան չփոխվեց իր մեջ: Մեկ-մեկ նեղացկոտություն ուներ, այդ ժամանակ բարձրանում էր այգու ծառերից մեկը, որքան էլ իր անունը կանչեինք, չէր արձագանքում, որ իրեն չգտնեինք», -«Փաստի» հետ զրույցում ասում է Էլենը՝ Ղազարի քույրիկը:

Հավելում է՝ սովորելու առումով ընդունակ էր, բայց աշխատասեր չէր: «Կարող էր ուսուցչի պատմածը լսել, տանն անգամ գիրքը չբացել, բայց դպրոցում պատասխաներ դասը և բարձր գնահատական ստանար իր հիշողության հաշվին: Նկարչությունը յուրահատուկ տեղ ուներ իր համար, բացի դա, մեխով քանդակներ էր անում, որոնք հիմա պահպանվում են մեր տանը: Մինչև բանակ գնալն ուզում էր ինչ-որ արհեստ սովորել՝ ոսկերչություն, մեխանիկություն, բուհ ընդունվելու մասին չէր մտածում: Բայց պատերազմի օրերին մեր զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ մտադրված է վերադառնալուց հետո համալսարան ընդունվել, իրեն որոշակի առավելություններ կտրվեն որպես պատերազմի մասնակից: Կարծում եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեր, լավագույնն էր լինելու՝ խելացի էր, ընդունակ, լավագույնն էր ամեն հարցում»:

Ղազարը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 10-ին, ծառայել է Մատաղիսում: «Շատ ուրախ էր ծառայության մեկնելիս, ասում էր, որ երկու տարին արագ կանցնի, հատկապես, երբ դիրքերում լինի, իր խոսքով՝ դիրքերում օրերն արագ են անցնում: Իհարկե, ծնողներս անհանգստություններ ունեին, ուղղակի հայրիկները կարող են չարտահայտել իրենց անհանգստությունը, մայրիկների դեպքում այլ է: Որևէ մեկս, սակայն, չէր պատկերացնում, որ հնարավոր է այսպիսի մեծ պատերազմ սկսվի»:

Ղազարին առաջարկել էին ուսումնական զորամասում ծառայել, հրաժարվել էր: «Չէր ուզում վեց ամիս մեկ տեղում ծառայել, հետո տեղափոխվել, սկսել ընտելանալ նոր միջավայրի: Մեկնում է Մատաղիս ծառայության, այնքան լավ է ծառայում, որ իր վերադասները որոշում են նրան սերժանտական դասընթացների ուղարկել: 2020 թ. փետրվարին գալիս է Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների մասնակցելու համար: Վարորդական իրավունք էլ ուներ, բայց վարորդ լինել չէր ուզում: Մտածում էր, որ այդ դեպքում մի քանի հոգու կյանք իր ձեռքերում է լինելու, իսկ դա պատասխանատվություն է: Երբ արդեն սերժանտական դասերին էր մասնակցում, հնարավորություն ունեինք նրան շաբաթ-կիրակի օրերը տեսնելու: Բայց միայն երկու անգամ հասցրեցինք տեսնել, հետո սկսվեց համաճարակը: Վերջին անգամ տեսել ենք 2020 թ. փետրվարին: Դասընթացներն ավարտվեցին, իրեն ուղարկեցին Մատաղիս և, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ նշանակեցին:

Հիշում եմ՝ այդ ընթացքում այնքան ուշ-ուշ էր տուն զանգում, դիրքի ավագ էր, ավելի պատասխանատու, զգոն և ուշադիր պետք է լիներ: Ինչպես իր դիրքի տղաներն են ասում, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Նշում են, որ իրեն ավելի շատ ժամանակ էր հատկացված քնելու համար, բայց քիչ էր քնում, ժամանակը տրամադրում էր տղաների հետ շփվելուն: Եղբորս որպես օրինակ են բերել թե՛ իրենց զորամասում, թե՛ վաշտում, այդ մասին իր ծառայակից ընկերներն են ասել: Գլուխգովան չէր և չէր սիրում որևէ բան մեզ պատմել: Ընկերներն են պատմել՝ ծառայությունը լավ էր անցնում, սակայն զգացվում էր, որ Ղազարը շատ է կարոտում տան անդամներին»: Սեպտեմբերի 25-ի գիշերը Ղազարը տուն է զանգահարում. քույրիկն ասում է՝ սովորաբար ցերեկն էր զանգում:

«Մի փոքր անհանգստացանք, մեզ համար անսովոր ժամ էր: Տղաները թերևս գիտեին, որ պատերազմ է սկսվելու, երևի մտածել են, որ գուցե հետո ժամանակ ու հնարավորություն չունենան տուն զանգելու: Համարյա կես ժամ խոսեցինք: Իրեն հատուկ ձևով էր խոսում, որևէ բան գլխի ընկնել չէինք կարող: Հետո սկսվեց պատերազմը: Զանգահարեց սեպտեմբերի 30-ին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իբր ապահով են: Չորս օրը մեկ էր զանգում: Ասել էինք, որ զանգելուց միշտ մայրիկի համարին զանգի, քանի որ նա շատ էր անհանգստանում՝ կարևորը մաման ձայնդ լսի, մնացածս կդիմանանք: Վերջին անգամ իր հետ հոկտեմբերի 5-ին՝ ծննդյանս օրն եմ խոսել: Արթնացել էի, բայց չէի ուզում անգամ անկողնուց վեր կենալ: Կարծես գիտակցում էր, որ մեր վերջին զրույցն է, համարյա մեկ ժամ ամենատարբեր թեմաներից խոսեցինք: Շատ կատակասեր էր, ժպիտը դեմքին, նույնիսկ պատերազմի օրերին կատակներ էր անում, ծիծաղում, եթե չիմանայիր, որ պատերազմի մեջ է, իր ձայնից ոչինչ չէիր հասկանա:

Ասաց, որ այդ պահին ինչ-որ ապահով տեղում են, ստիպված են եղել Մատաղիսից նահանջել: Հետո էլ հավելեց՝ հիմա, երբ պատերազմի մեջ եմ, հասկանում եմ, թե ինչու էին մեր մեծերն ասում՝ մեր տեսածը դուք չտեսնեք. հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն: Երբ վախենալու մասին էի հարցնում, միշտ արձագանքում էր՝ հնարավոր չէ այստեղ լինել ու չվախենալ, բայց, երբ գիտակցում ես, թե դիմացդ ով է, վախդ ուժի է վերածվում»: Էլենը շեշտում է, որ եղբոր վաշտն իրենց զորամասում բազմիցս լավագույնն է ճանաչվել, իսկ պատերազմի ժամանակ լավագույն մարտերն է վարել: Ղազարը վերջին անգամ հոկտեմբերի 8-ին խոսել է մայրիկի հետ, առավոտյան մի քանի վայրկյան տևած զրույցի ժամանակ որդին նրան ասել է, որ ամեն ինչ լավ է, էլի կզանգի, նաև բարևներ է փոխանցել հայրիկին ու քույրիկին:

«Քանի որ մի քանի օրը մեկ էր զանգում, մտածում էինք, որ չորրորդ օրը կզանգի: Հոկտեմբերի 12-ին զանգեցին հայրիկիս, բայց միանգամից չասացին, թե ինչ է եղել: Կանչեցին Սևանի հիվանդանոց՝ իբրև թե Ղազարը վիրավոր է: Կասկածեցինք, որ մի բան այն չէ. եթե եղբայրս վիրավոր լիներ, ինչ-որ ձևով մեզ հետ կապ կհաստատեր: Ճանապարհին հայրիկիս ասում են, թե ինչ է պատահել: Իրադարձությունները և դրանց մասին տղաների պատմածները համադրելով՝ իմացանք, որ դեպքը եղել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը երեքի կողմերը Մատաղիսի Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ: Ղազարը բեկորային վիրավորում է ստացել, մահն անմիջապես վրա է հասել: Իրեն դաշտում չեն թողել, տեղափոխել են հոսպիտալ, հետո մարմինը փոխանցել մեզ: Ինքն ամբողջովին ճանաչելի էր»:

Ու նորից գալիս է ամենասոսկալի միտքը՝ բոլորս երանի ենք տալիս այն փաստին, որ պատերազմում զոհված մեր տղաները շուտ են «վերադարձել» տուն, որ նրանք ճանաչելի են եղել, և որ ընտանիքներից շատերը կասկածներ չունեն, որ հուղարկավորել են հենց իրենց որդիներին: Հիմա Ղազարի ընտանիքին ուժ է տալիս միտքը, որ նրան պետք է ապրեցնել:

«Իր անունը սերնդեսերունդ փոխանցելու, իր անունը բարձր պահելու միտքը բոլորիս ուժ է տալիս: Դպրոցական տարիներին խաղաղության և սահմանամերձ գյուղում ապրելու մասին շարադրություն էին գրել, և Ղազարի շարադրությունը հաղթողներից մեկն էր: Գրել էր՝ ուզում եմ, որ մեր գյուղից վերանա վառոդի հոտը, ու մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ: Այդ ժամանակ 13-14 տարեկան էր: Ղազարն իր կյանքը զոհաբերեց, որ մանուկներն ու մենք ապրենք խաղաղ երկնքի տակ: Ղազարը կյանքը զոհեց, որ ապրենք, ուստի իրավունք չունենք թուլանալու ու խեղճանալու: Մեզ միայն մնում է ապրելն ու ապրեցնելը»:

Հ. Գ. – Ղազար Սարուխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Կոթի գյուղի գերեզմանատանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։   

 

kotayk

Լրահոս