22 Հոկտեմբերի, 2022
Ani Product
Ani Product

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20- ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի Կովսական քաղաքում օդանավակայանի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ալիեւին խորհուրդ է տվել Հայաստանից փոխհատուցում պահանջել։ «Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- հայտարարել է Էրդողանը:

Ըստ Սիմոնյանի՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը չունի իրավազորություն՝ նման հարցեր քննարկելու։ Եվ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն այդքան շատ են ոգեւորված, ապա մյուս տարբերակը ՄԱԿ-ի միջոցով դատարանից Գլխավոր ասամբլեայի կամ Անվտանգության խորհրդի խորհրդատվական եզրակացություն հայցելն է։ Սակայն այդ խորհրդատվական եզրակացությունը քաղաքական գործընթաց է, պետք է Գլխավոր ասամբլեայում մեծամասնություն հավաքեն, որ դիմեն դատարան, կամ Անվտանգության խորհրդում պետք է մեծամասնություն ունենան, որ դիմեն դատարան։ Եվ երկրորդ հանգամանքը՝ խորհրդատվական եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, եւ այն պարտադիր չէ։ Պարտադիր կատարման է ենթակա, երբ պետությունը ճանաչում է Հաագայի ընդհանուր իրավազորությունը՝ դատարանը վճիռ է կայացնում՝ դու կատարում ես։

Մեր հարցին, որ ադրբեջանական կողմից պարբերաբար թեզեր են հնչել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ Արցախի բնական ռեսուրսներն օգտագործելու համար, Սիմոնյանն ասաց․ «Իրենք մտածում են, որ կարող են Եվրադատարան դիմել, այնինչ երեկ Էրդողանը խոսում էր Հաագայի մասին։ Եվրադատարան կարող են դիմել, սակայն վստահ եմ, որ այդտեղ էլ կարող ենք Ադրբեջանին պատասխանել, բայց այստեղ մեխանիզմի առումով է։ Խնդիրը նաեւ բովանդակային առում ունի, Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի Հանրապետության ներսում տնտեսության կազմակերպման հետ, այսինքն՝ Արցախի Հանրապետությունն ինքն է օգտագործել իր տարածքները, իր հողերը, իր ռեսուրսները։ Եվ որպեսզի Հայաստանին պատասխանատվության կանչեն, նախ պիտի ապացուցեն, որ Հայաստանը ոչ իրավաչափ վարքագիծ է կատարել, եւ երկրորդը, այն գործողությունները, որ կատարվել են Արցախում, վերագրելի են Հայաստանին։

Այստեղ էլ խնդիրներ կան, դա բովանդակային է, դա դատարանի քննարկման թեման է։ Չնայած մենք ունենք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որն ի վնաս Հայաստանի է, եւ այնտեղ որոշակի առումով խոցելի տեղեր ունենք, որտեղ մասնակիորեն դատարանն ընդունել է, որ Հայաստանը վերահսկողություն է իրականացնում որոշ տարածքների նկատմամբ: Բայց այդ մեղադրանքը, որ նրանք ներկայացնում են, հենց այնպես օդում ասելով չէ․ նախ պետք է ապացուցեն, որ հանցագործություն է կատարվել։ Եվ երկրորդը՝ պատճառահետեւանքային կապով այդ գործողությունները վերագրելի են Հայաստանին՝ սա էլ բովանդակայինն է։

Այսինքն՝ այդ գործն այդքան էլ հեշտ չէ, որ կանգնել ասում են։ Պարզապես իրենք քաղաքական, դիվանագիտական ճնշման համար այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանին ասեն՝ տեսեք, սա էլ ձեր դեմ կարող ենք դնել։ Մենք էլ պիտի ասենք, որ առնվազն հինգից-յոթ կոնվենցիա ունենք, որ ձեր դեմ կարող ենք դատական գործ սկսել։ Մերոնք չեն ասում՝ երեւի դրա համար էլ բերաններն այդքան մեծ են բացում մեր հակառակորդները»։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է, որ այդ կոնվենցիաներից են, օրինակ, պատանդներ վերցնելու դեմ, պատանդներին քաղաքական նպատակով շահարկելու կոնվենցիաները, ինչը որ Ադրբեջանը հիմա անում է։ Այս կոնվենցիաների շրջանակներում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանի հատուկ իրավազորությունը ճանաչել են։ Մյուսը խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան է, որը ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճանաչել են դատարանի իրավազորությունը։ Մյուսը վարձկանների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի դեմ կոնվենցիաներն են: Դրանով ցանկը չի ավարտվում։ Ցանկության պարագայում հայկական կողմը կարող է որպես պատասխան հենց այդ կոնվենցիաների մասին բարձրաձայնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս