21 Հունիսի, 2024
Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն է:

– Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է: Փետրվարի դրությամբ այն հատել է 12 միլիարդ դոլարի սահմանը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 6 միլիարդ դոլար պետական պարտք էր ժառանգություն ստացել նախորդ իշխանություններից եւ 6 տարում այն կրկնապատկել է` ամեն տարի 1 միլիարդ դոլարի նոր պարտք վերցնելով: Ինչի՞ համար է վերցվել այդ պարտքը, եթե Հայաստանում ո՛չ արդյունաբերությունն է զարգացել, ո՛չ նոր գործարաններ են կառուցվել, ո՛չ աշխատատեղեր են ստեղծվել, ո՛չ ռազմավարական օբյեկտներ են կառուցվել, ո՛չ Հյուսիս-Հարավ ճանապարհն է ավարտվել: Ու մինչեւ ո՞ւր կարող է Փաշինյանի կառավարությունը հասնել:

– Զարմանալի ոչինչ չկա, այս ամենը պայմանավորված է նրանով, որ այս փոքրիկ կետային երկիրը, որը կոչվում է Հայաստան, հայտնվել է մի ձախողակի ձեռքում: Միայն այն հանգամանքը, որ նա Հայաստանը` 29 հազար 800 կիլոմետրն էլ է կասկածի տակ դնում, դա նշանակում է, որ նա ուղղակի եւ անուղղակի կապ չունի պետական կառավարման հետ: Հանգամանքների բերումով նա «զինվորագրվել» է բոլոր ահավորագույն քաղաքական խաղերին՝ իր վրա վերցնելով այդ ծանր աշխատանքը, եւ այժմ ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը: Նա ստացել է բացահայտ կամ կիսաբացահայտ երաշխիքներ, որ անհրաժեշտության դեպքում կփախչի, որ իրեն ոչ ոք ոտնակոխ չի անի: Նրա մեծագույն խնդիրը Ռուսաստանին Հայաստանից օտարացնելն է: Քաղաքական առումով սա նշանակում է, որ մեծ ժայռերից նա քարեր է ցանկանում պոկել: Արեւմուտք կոչեցյալը, Ճապոնիայի հետ միասին, կառավարում է այս պրոցեսը, եւ այս մարդը, փաստորեն, «զինվորագրվել» է այդ պատերազմին:

– Տնտեսագիտության տեսանկյունից ի՞նչ անուն կարող ենք տալ աննպատակ վարկեր վերցնելուն, դրանք վատնելուն:

– Սա կատաստրոֆա է, անգամ՝ մասնագիտական տեսանկյունից: Հանրապետությունը մեծ չէ, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչ շարժունակություն կա: Ռուսաստանում Հայաստանի բնակչությունից շատ մարդ է ապրում, լավ` Ռուսաստանը, ենթադրենք, վատն է կամ լավն է, բայց 3 միլիոն մարդ կարողանում է այնտեղ ապրել, աշխատել եւ անգամ որոշակի միջոցներ գեներացնել Հայաստանում գտնվող իր հարազատների համար: 2022 թվականին Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5,2 տասնորդական միլիարդ դոլար` բանկային խողովակով: Պատկերացնո՞ւմ եք, եթե թիվն այսքան է բանկային խողովակով, ապա որքան կարող է կազմել առձեռն տարբերակով: Սա գալիս է ոչ թե մեր տնտեսական քաղաքականությունից, այլ քաղաքացիների ռացիոնալությունից` ներսո՞ւմ են, թե՞ դրսում: Բոլոր դեպքերում փոքր երկրների պարագայում, եթե տնտեսությունն ունենում է նման սարսափելի տնտեսական կառուցվածք, որտեղ չկա արդյունաբերություն, գյուղատնտեսությունը նահանջում է, այդ պարագայում մեր գլխին սուր է կախված: Նախորդ ժամանակներում եւս` այս մարդուց առաջ, արտաքին պարտքի կառավարում տեղի չի ունեցել: Միայն եղել է պարտքի սպասարկում: Ի՞նչ է նշանակում սպասարկում: 2024 թվականի դրությամբ Հայաստանն ունի 12 միլիարդ դոլարի պարտք, իսկ դա նշանակում է` անկախ նրանից, թե որքան գումար կհավաքվի բյուջեում, այդ բոլոր գումարները միայն պարտք փակելուն կարող ենք ուղղել։ Դա նշանակում է, որ ո՛չ թոշակ կարող ենք բարձրացնել, ո՛չ աշխատավարձ, ո՛չ կարող ենք ֆինանսական միջոցներ ուղղել կրթությանն ու առողջապահությանը եւ ո՛չ էլ այլ ուղղություններով:

– Բայց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ասում են` եկամուտների աննախադեպ հավաքագրում է գնում, շատ փող կա բյուջեում, որը չգիտեն, թե ինչի վրա ծախսեն:

– Օ՜, ախ այդպե՜ս: Դա նշանակում է, որ իրենք չեն հասկանում, թե ինչպես պետք է կազմակերպեն ֆինանսական հոսքը: Ենթադրենք, մենք՝ ոչ մեկս մասնագետ չենք, եթե այդքան փող կա քո բյուջեում, ինչո՞ւ Հայաստանում չկա արդյունաբերություն:

– Կարեւորը՝ ՔՊ-ականները հարստանում են, բնակարաններ են գնում, պարգեւավճարներ են ստանում, վայելում են կյանքը: Թանկ միջոցառում են կազմակերպում:

– Հավելյալ արժեքներ են պետք: Խելքը գլխին երկրները գնում են ժամանակակից արժեքների ետեւից, ոչ թե ճոխություններ անելու: Հա, մոռացա` գյուղամիջյան ասֆալտներ են անում, որ ողորմելի զանգվածը տեսնի՝ իր բակի դիմաց ասֆալտ է փռած, եւ ուրախանա: Այդ նույն բանն անում էր նաեւ Հիտլերը: Ողորմելի, հասարակ զանգվածի համար դա է տեսանելի եւ ընկալելի:

– Նախկին իշխանությունների ժամանակ 6 միլիարդ վարկի մասին որպես աղետ էին խոսում, ինքը` Փաշինյանը, ժամերով ելույթ էր ունենում, թե ինչու եք արտաքին պարտքն ավելացնում…

– Վարկ վերցնելը մի րոպեի հարց է: Բայց բարոյականություն, վեհություն եւ պատիվ ունեցող մարդը մտածում է՝ ինչպես արագ փակի պարտքը, եթե չես կարողանում փակել պարտքը, վարկը, դառնում ես ողորմելի տարր: Հանգամանքների բերումով ռիսկը մեծ է, որ Հայաստանը կարող է հայտնվել նման իրավիճակում: Նախկին իշխանությունները չէին վերցնում պարտք` այդքան շատ, որովհետեւ չէին ցանկանում դրա տակ մնալ: Այս իշխանության պարագայում տպավորություն է, որ ինչ-որ ուժեր ասել են` հանգիստ, արխային ծախսիր…

 

kotayk

Լրահոս