30 Մայիսի, 2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են հայտարարել արևմտյան այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ սնվել են Արևմուտքից, և որոնց հասարակության մեջ հավաքական առումով ընդունված է անվանել «սորոսականներ»: Նրանք «նոնստոպ» ռեժիմով գրառումներ են կատարում և հարցազրույցներ տալիս՝ ընդդեմ Եկեղեցու, ընդդեմ ազգային արժեքների, հեգնելով ու ծաղրելով թե՛ Եկեղեցին, թե հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, որը դեմ է Փաշինյանի ազգակործան ու հանձնողական քաղաքականությանը: Սա երևի թե զարմանալի չէ:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանության եկավ նաև այս ՀԿ-ների ու նրանց սնուցողների՝ տարիներ շարունակ ձևավորած սարդոստայնի շնորհիվ: Այդ ցանցը միշտ էլ հանդես է եկել ազգային արժեհամակարգի դեմ, մշտապես զբաղված է եղել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:

Ըստ այդմ, շատ փորձագետներ տեսակետ են հայտնում, որ այս ցանցի՝ «Նիկոլից ավելի նիկոլական» պահվածքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, իշխանության գալով, աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերից բխող քաղաքականություն. ի մասնավորի, վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները «սեփական կետից», որն ի վերջո բերեց 2020 թ. աղետալի պատերազմին, իսկ ապագայում՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Դե, իսկ Պրահայում էլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս՝ իր ամբողջ ողբերգական հետևանքներով:Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել է, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական նախապայմաններով:

«Նախ՝ նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջանական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում, ապագայում է պատրաստվում իրականացնել՝ դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են քպականների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, որոնք օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին, ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության»,-նշում է Տելեգրամ ալիքն ու հավելում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի լոբբինգին:

Եթե սրան գումարում ենք այն փաստը, որ արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք, շարունակում են թիրախավորել նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին, ապա պատկերն առավել պարզ է դառնում:

«Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրքադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար»,-նշում են հեղինակները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս