17 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, տպավորություն էր, որ իշխանությունը համեմատաբար «հանդարտ» պահվածք դրսևորեց: Ճիշտ է, որոշ քպականների ու սատելիտների միջոցով շարունակեցին հակաարցախյան իրենց քարոզչությունը, բայց ծավալները սկզբում ավելի փոքր էին:

Սա զարմանալի էր այն առումով, որ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները թշնամաբար են տրամադրված արցախցիների հանդեպ, նրանք միշտ սարսափել են արցախցիների կազմակերպվածության ու համախմբվածության հնարավորությունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ նրանք կա՛մ հեռանան Հայաստանից, կա՛մ մնան, բայց ցրված լինեն երկրով մեկ: Իրականում, մեր տեղեկություններով, սկզբնական «հանդարտության» պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է ունեցել, թե մասնակի սոցիալական «ժեստեր» կանեն, ու արցախցիների մեծ մասն այլևս փողոց դուրս չի գա, և միտինգավորները կցրվեն: Դրա համար նախ հայտարարեցին 40+10 հազարական դրամների հատկացման ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին:

Սակայն արցախցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց հնարավոր չէ «ֆռացնել», որ իրենք հանձնվող տեսակ չեն, որ իրենց պայքարը շատ ավելի խորքային է, քան սոսկ սոցիալականը: Արդյունքում իշխանությունները փորձեցին ևս մեկ «ժեստ» անել՝ մեկ ամսով էլ նշյալ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգել՝ պայմանով, որ վրանները հավաքեն: Հասկանալի է, որ ի դեմս վրանների՝ Նիկոլ Փաշինյանը պայքարի բյուրեղացման օջախ է տեսնում, ինչից պարզապես սարսափում է: Սակայն դա էլ որևէ արդյունք չի տալիս, և քանի որ արցախցիների պայքարը լրջորեն անհանգստացնում է Փաշինյանին ու իր կողքը հավաքվածներին, նրանք ավելի ու ավելի թեժ քարոզչական պատերազմ են սկսել արցախցիների դեմ:

Լրահոս