16 Մայիսի, 2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր «ճանապարհային քարտեզը», որն իբր ներկայացնում էր ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները։ Ու ամենակարևոր անելիքների 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց համանախագահության հովանու ներքո այդպես էլ բանակցային գործընթացը չվերականգնվեց՝ չնայած Հայաստանի իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե հատուկ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Երբ Ադրբեջանը ներկայացրեց Հայաստանի հետ բանակցությունների համար առաջնահերթություն հանդիսացող 5 կետը, հայկական կողմն էլ 6 սկզբունք ներկայացրեց, որի 6-րդ կետում նշվում էր բանակցությունների կազմակերպման համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին։

Բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ բանակցային գործընթացը տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները ներգրավվեցին Ադրբեջանի հետ առցանց բանակցությունների մեջ։ Իսկ հետո Ադրբեջանը պահանջեց, որ երկու երկրների միջև բանակցությունները ընթանան առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։ Ու, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարվում է։ Ի՞նչ է դա նշանակում այն պարագայում, երբ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է պարտված ղեկավար: Դա նշանակում է, որ Բաքուն ինչպես ուզի, կարող է այնպես էլ իրեն պահել, անընդհատ պահանջներ ներկայացնել, սանձարձակություն դրսևորել և այլն։ Բայց փոխանակ հանդիպումներ կազմակերպելու համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրավիճակը և փորձելու նրանց ներգրավել պրոցեսում, Փաշինյանն անընդհատ այն թեզն է առաջ մղում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հակասություններ կան, դրա համար էլ չի ստացվում վերականգնել բանակցային ձևաչափը։

Այդ դեպքում կարելի էր գոնե յուրաքանչյուր կողմի հետ առանձին աշխատել։ Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից էլ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև հակասություններ չեն եղել, բայց ՄԽ համանախագահության այս ինստիտուտը տարիներ շարունակ գործել է։ Ավելին, սա այն եզակի հարթակներից է, որտեղ Արևմուտքը և ՌԴ-ն միասնական ձևաչափով են հանդես եկել։ Նույնը կարող է լինել հիմա, ու որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված լինեն, որոշակի հարցեր կան, որոնց շուրջ այս կողմերը համագործակցում են։ Ի՞նչ ունենք այսօր: Իսկ ունենք այն, որ արդեն Ալիևն ու Բայրամովը նոր պահանջ են առաջ քաշում, այն է՝ հայկական կողմը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից, ու Հայաստանից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա այս հայտարարություններին։ Իսկ այս ինստիտուտի լուծարումը նշանակում է, որ վերջնականապես միջազգային հարթակում փակվում է Արցախի հարցը, որի կարգավորման մանդատը տրված էր Մինսկի խմբին։

Եթե թեման նորից միջազգայնացվի, ապա Ադրբեջանը Արցախի հարցում ճնշման տակ է հայտնվելու, դրա համար էլ Բաքուն որոշել է՝ քանի դեռ ՀՀ իշխանությունները զիջում են ամեն ինչ, սա էլ կզիջեն ու խաչ կքաշեն Արցախի հարցի վրա։ Ալիևը անթաքույց ցույց է տալիս, որ Հայաստանի հետ կնքվելիք հաշտության պայմանագիրն իր համար կարող է լինել ընդամենը հերթական թղթի կտորը։ Իսկ որպեսզի Ադրբեջանի անհագուրդ հավակնությունները զսպվեն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը քիչ թե շատ գործեն, անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ։ Երաշխիքների համար էլ անհրաժեշտ են երաշխավորներ։ Իսկ Արցախի հարցը լուծված չէ, Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ու գոնե հաջորդ իշխանությունները այս ուղերձը պետք է հասցնեն միջազգային հանրությանը։ Եվ մեր խնդիրն է, որ այս իրողությունն առաջինն արձանագրեն Մինսկի խմբի համանախագահող երկրները։

 

kotayk

Լրահոս