7 Փետրվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կադրային քաղաքականության հարցը միշտ սուր է դրված եղել բոլոր իշխանությունների օրոք, կադրերի պակասն այսօր էլ առկա է կառավարման ամենատարբեր օղակներում, գերատեսչություններում, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունում, որտեղ, որոշ խոսակցությունների համաձայն, մոտ 80 թափուր հաստիք կա։

ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ մի փոքր ճշտումով՝ ոչ թե 80, այլ 78 թափուր տեղ է այս պահին առկա։ Այս թվերը, ըստ Ռ․ Գրիգորյանի, արտացոլում են ոչ միայն ԿԳՄՍ նախարարությունում, այլ նաեւ նրա ենթակայության ներքո գտնվող ԲՈԿ-ում եւ Լեզվի կոմիտեում առկա պատկերը․ «Քանի որ այնտեղ անձնակազմի կառավարման վարչություն չկա, իրենց քաղծառայողներին պաշտոնից ազատում եւ նշանակում է մեր գլխավոր քարտուղարը, հետեւաբար՝ նրանց պաշտոնների թափուր լինելու եւ մրցույթների հայտարարությունը, համալրման գործընթացն արվում են նախարարությունում։ Մենք փորձում ենք սահմանված կարգով միշտ մրցույթները հայտարարել, եւ նախընտրելի է, որ որակյալ մասնագետներ գան, որպեսզի հետո խնդիրներ չլինեն»։

Ինչպես նկատում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը՝ միաձուլումից հետո նախարարությունում բավականին թափուր հաստիքներ եղել են ու կան։ «Այնպես է եղել, որ 2021-ին մենք հայտարարել ենք 84 քաղծառայության մրցույթ։ 84-ից 68-ը մրցույթում հաղթող է ճանաչվել, իսկ 15 մրցույթում հաղթող չի եղել, եւ մենք ստիպված ենք եղել այդ 15 մրցույթը նորից հայտարարել։ Եղել է 1 մրցույթ, որտեղ ոչ մի դիմորդ չի եղել։ Իսկ 2022-ին հայտարարվել է 59 մրցույթ, որից 46-ին նշանակում եղել է, 10-ը մրցույթում հաղթող չի ճանաչվել, իսկ 3 մրցույթում էլ ոչ մի դիմորդ չի եղել,- ասում է Ռ․ Գրիգորյանն ու ընդգծում։- Մեզ մոտ հիմնականում թափուր պաշտոնները ֆինանսական բլոկում են եւ հաշվապահությունում»։

Թե ինչով է դա պայմանավորված, նկատում է․ «Մեզ մոտ աշխատավարձը, համեմատաբար, այդքան բարձր չէ, եւ լավ մասնագետները, բնականաբար, այլ ոլորտներում են ուզում աշխատել, իսկ նախարարության կողմից ընտրություն կատարելն էլ շատ դժվար է, որովհետեւ լավ մասնագետ երբեք չի գալիս։ Այստեղ էլ մենք ընտրության խնդիր ենք ունենում եւ շատ հաճախ տեսնում ենք, որ դիմորդներից շատերը չեն համապատասխանում չափանիշներին, երբեմն պաշտոնի համար դիմում է 25 հոգի, որից 18-ը համապատասխանում է, բայց մրցույթի գալիս են ընդամենը 5-ը, հետո ինչ-որ մի տոկոսն էլ կտրվում է հիմնականում թեստից, եւ բանավորին գալիս են նրանք, ովքեր մշտական են լինում, բայց իրենք համապատասխան մասնագիտություն չեն ունենում՝ այդ բնագավառում աշխատելու համար։ Դրա համար մոտ 10 մրցույթում 22թ․ հաղթող չի եղել։ Լինում են դեպքեր, որ անմիջապես թեստից են կտրվում եւ հարցազրույցի փուլ չեն էլ անցնում»։

Ի դեպ, նախարարության էջում տեղադրված է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցրած անձանց անվանացանկը, որի թիվն անցնում է 170-ը, եւ առնչվում է ամենատարբեր բնագավառների ու մասնագետների պահանջին՝ ֆինանսաբյուջետային վարչություն, հանրակրթություն, ժամանակակից արվեստ, իրավաբանական վարչություն, սպորտի քաղաքականություն, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանություն, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն եւ այլն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս