2 Փետրվարի, 2023

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Գուրգենն աշխույժ ու ճարպիկ երեխա էր, բայց նաև հանգիստ ու խելոք»,

-«Փաստի» հետ զրույցում որդուն այսպես է բնորոշում մայրիկը՝ տիկին Լոլիտան: Ասում է՝ դժվար է մտքերը ի մի բերել և պատմել կրտսեր որդու մասին: Ընկերները նրան Գուշ են կնքել, մայրիկը հավելում է՝ տանը նրան Գուրգեն էինք կոչում: Գուրգենի դպրոցական կյանքը վեց տարեկանից է սկսվել, տիկին Լոլիտայի խոսքով՝ սիրել է դպրոցը, հաճույքով հաճախել:

«Սկզբում գերազանցիկ էր, հետո, երբ մեծացավ, արդեն գերազանց չէր սովորում, բայց նորմալ գնահատականներ էր ստանում դպրոցում: Շատ էր սիրում մաթեմատիկան: Բոլոր առարկաները սովորում էր, քանի որ պետք է սովորեր, սակայն իր ձգտումն ու սերը դեպի մաթեմատիկան էր: Հետո արդեն իրեն ուղարկեցինք շախմատի դպրոց: Շախմատը շատ էր սիրում»,-նշում է զրուցակիցս: Հետաքրքրություններ ուներ նաև սպորտի հանդեպ. «Կարճ ժամանակահատված լողի է հաճախել, այլ սպորտաձևերի հանդեպ ևս անտարբեր չէր, սակայն շախմատի դասերը բաց չէր թողնում, դա իր տարերքն էր»:

Գուրգենը եղել է առաջին կարգի շախմատիստ, արժանացել մեդալների և գավաթների: Իններորդ դասարանն ավարտելուց հետո սկսել է ուսանել Աբովյան քաղաքի պետական քոլեջում. հաշվապահություն է ուսումնասիրել: «Քոլեջում երեք տարի սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Որևէ բուհ չընդունվեց, ասաց՝ գնամ, ծառայեմ, կվերադառնամ ու հետո կընդունվեմ: Ցանկանում էինք, որ բարձրագույն կրթությունն էլ շախմատի գծով շարունակի: Պլաններն այդպիսին էին»: Գուրգենին հոգեհարազատ էր թվերի աշխարհը, մաթեմատիկան, շախմատը նրա տարերքն էին: 2020 թ. հունվարի 31-ին Գուրգեն Կարապետյանը զորակոչվել է զինծառայության, ի սկզբանե ծառայել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ուզում էր ծառայել, ուրախ ու զվարթ գնաց բանակ: Նախքան զորակոչվելը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերներով իրար բանակ էին ճանապարհում, ասում էին՝ բոլորով գնում ենք ծառայության, հետո նույն ամսում էլ կզորացրվենք ու կվերադառնանք»:

Մայրիկի խոսքով, ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի տրտնջացել, չի դժգոհել: «Ամեն օր զանգահարում էր, զրուցում էինք: Ամեն ինչից գոհ էր, նոր ընկերներ էր ձեռք բերել, լավ հարաբերություններ հաստատել բոլորի հետ: Միայն մեկ անգամ ենք իր մոտ գնացել և իրեն տեսել, փետրվարն էր՝ իր երդման արարողության օրը: Հետո արդեն չստացվեց, քանի որ քովիդն էր տարածվում, տեսակցություններն ու այցերը թույլ չէին տալիս: Բայց ամեն օր իր հետ զրուցել ենք»: Մայրիկն անգամ ժամն է հիշում, թե երբ է խոսել որդու հետ վերջին անգամ: «Սեպտեմբերի 25-ին ժամը 12-ին զանգահարեց ինձ: Բարձրացել էր դիրքեր: Ամեն անգամ, երբ դիրքեր էին բարձրանում, զանգում էր և ինձ ասում՝ մա՛մ, տեղավորվենք, ես քեզ էլի կզանգեմ: Այդ օրն առավոտյան զանգեց, խոսեցինք, երեկոյան էլ պիտի զանգահարեր, բայց էլ զանգ չստացանք: Բնական է՝ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, սպասում էինք Գուրգենիս զանգին, բայց էլի զանգ չստացանք: Հիշեցի, որ երբեմն լինում էր, ուշ էր զանգահարում, զբաղված էին լինում: Իսկ սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք, որ պատերազմ է, արդեն մենք էինք իրեն անդադար զանգահարում, բայց կապերը կորան»: Գուրգենը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը, ամեն դեպքում այդ են փաստում ընտանիքին փոխանցված տեղեկությունները»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս