29 Մարտի, 2023
«Հրապարակ» թերթը գրում է․

«Նոր զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Սարգսյանը «Արթրեյդ Սոֆթ» ՍՊԸ սեփականատերն է։ Այս ընկերությունն իրականացնում է «Զովք» սուպերմարկետների ծրագրային սպասարկումը։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ այս ընկերությանը պատկանող «գաղտնի սերվերում» էին պահպանվել այն բոլոր տեղեկությունները, որոնք հաստատում են, թե իբր սուպերմարկետը խոշոր չափերի հարկեր է թաքցրել, ընկերությունում խուզարկություններ են արել, տեխնիկան առգրավել։ Վլադիմիր Սարգսյանի եղբայրը` Տիգրան Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչի որոշումը բողոքարկելու են, նրա խոսքով՝ եղբորը կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա։ «Միանշանակ, վճռաբեկ բողոք ենք գրելու, քանի որ ե՛ւ առաջին ատյանը, ե՛ւ վերաքննիչը, իմ խորին համոզմամբ, պնակալեզ դատարաններ են, ինձ մոտ այդպիսի տպավորություն են թողնում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետեւ նորմալ, օբյեկտիվ, անաչառ դատավորը, եթե գոնե կարդար, գործի վարույթին ծանոթանար, միանշանակ ազատ կարձակեր, քանի որ կալանավորման հիմք իրենք ի սկզբանե չեն ունեցել։

Բացատրեմ, թե ինչու․ մարդը խուզարկվել է փետրվարի 20-ին, հետո՝ 10 օր շարունակ, ազատության մեջ է գտնվել եւ նախաքննության մարմիններին ոչ միայն չի խանգարել, այլեւ աջակցել է՝ ինչով կարողացել է։ 10 օր հետո՝ մարտի 1-ին, իրեն ձերբակալում են ու ասում են՝ քանի որ գտնվելով ազատության մեջ՝ դու կարող է վնասես նախաքննությանը, դրա համար քեզ պետք է կալանավորենք։ Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը։ Եթե ինքը խանգարող լիներ, 10 օր ազատության մեջ գտնվելով՝ ե՛ւ երկրից կփախչեր, ե՛ւ իր բոլոր գույքերն ու ապացույցները կոչնչացներ, բայց մարդը հանգիստ շարունակել է աշխատել, ապրել իր երկրում եւ իր հարկերը վճարել։ Հետեւաբար, բացարձակ հիմնավոր չէ այն ռիսկը, այն կասկածը, որն իրենք համարում են հիմնավոր կասկած, եւ որով ինքը կալանավորվել է։ Այդ մասին Վերաքննիչ դատարանին էլ ենք ասել, ուղղակի քանի որ դատավորներն իշխանահաճո վարքագիծ ունեն, շանը որ ոսկոր ես ցույց տալիս, գալիս, պոչը սկսում է խաղացնել, այ, այդ ոճի դատավորի տպավորություն են թողել այս 2 դատավորները, որոնք եղբորս հասցեին վճիռներ են հրապարակել»,- ասաց Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանին հարցրինք՝ ընկերության տեխնիկան վերադարձրե՞լ են, գործունեությունը վերականգնվե՞լ է։ «Ցավոք սրտի, ոչ։ Գույքը ոչ միայն այս 1 ամսվա ընթացքում չեն վերադարձրել, այլեւ մեզ  բաց սպառնալիքով ասում են, որ այդ գույքերի մասին մոռանանք, որ դրանք ընդհանրապես հետ չենք ստանալու։ Հարցնում ենք՝ դրա օրինական հիմքը ո՞րն է, ասում են՝ դե, մենք քննչականն ենք, ինչ ուզում` անում ենք, այսինքն՝ մենք գտնում ենք, որ այդ գույքերը պիտի մնան մեզ մոտ, ո՞ւմ ես բողոքելու՝ հսկող դատախազի՞ն, դատախազն էլ է մերը, Արգիշտի Քյարամյանի՞ն ես բողոքելու՝ նա է մեզ հանձնարարել անել այն, ինչ անում ենք, հետեւաբար, եթե վերեւից հրաման տվողին է քո վերադասի բողոքը գնում, ապա, բնականաբար, քո բողոքը պատին է հանդիպում։ Այստեղ ես լուրջ խոչընդոտ եմ տեսնում՝ մարդու իրավունքների ոտնահարման առումով, որովհետեւ այստեղ սեփականության իրավունքն է ոտնահարվում, եւ արդար դատաքննության իրավունքը՝ ողջամտության առումով, որովհետեւ մենք հիշում ենք, չէ՞, որ ողջամիտ ժամկետում գործերը պիտի քննվեն, իսկ, օրինակ, սովորական ուսանողի ձեռքի հեռախոսի առգրավումը, որը բացարձակ կապ չունի այս գործի հետ, որքանո՞վ է ողջամիտ` ամիսներով պահել քննչականում, եթե կարելի է մի րոպեում բացել հեռախոսը, ողջ ինֆորմացիան պատճենել եւ հեռախոսը վերադարձնել քաղաքացուն: Բայց սա նրանք չեն անում, որպեսզի իրենց այդ բարդույթավորված մանկությունը․․․, իմ խորին համոզմամբ՝ քննիչները շատ ծանր մանկություն են ունեցել, այդ թվում՝ նաեւ Արգիշտի Քյարամյանը, որովհետեւ իրենց մոտ ես կոմպլեքսներ եմ նկատում՝ անձնային կոմպլեքսներ, որ իրենք դեռ ինքնահաստատվելու խնդիր ունեն, որ ցույց տան, թե տեսեք՝ ես ինչ հնարավորությունների տեր մարդ եմ, ես ինչեր կարող եմ անել, եւ ի հավաստումն այդ կոմպլեքսների՝ գալիս է հեռախոսների չվերադարձնելը, արհեստական ձգձգումները, պետական ռեպրեսիաները։ Բայց չեն հասկանում, որ որեւէ բան հավերժ չէ, կյանքն էլ բումերանգ է, եւ գալու է մի ժամանակ, որ իրենք պատասխան են տալու իրենց ամեն արածի համար»։

 

 

 

 

kotayk

Լրահոս