«Հրապարակ» թերթի հարցազրույցը՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ․
– Օրերս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու որոշում կայացրեց, սակայն հայ ռազմագերիներին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական էլիտային չանդրադարձավ:
– Այո, հայտարարության մեջ հայ ռազմագերիների մասին ոչ մի խոսք չկա, խոսվում է տեղահանված հայերի մասին, Արցախում այս պահին ապրող հայերի մասին:
– Գերիները պարզապես գերիներ չեն, քաղբանտարկյալներ են նաեւ, ես նրանց շարքերում ներառում եմ Արցախի 8 բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք պատանդներ են: Նրանց ձերբակալելու, գերեվարելու միջոցով Ադրբեջանը գործադրում է դիվանագիտական, քաղաքական լծակներ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Այդ լծակների ազդեցությունը հատկապես կիրառելի է քաղաքական օրակարգի համատեքստում: Քանի դեռ Հայաստանը չի բավարարել Ադրբեջանի քաղաքական պահանջները, գերիների ազատ արձակման հարցն առկախվելու է: Ադրբեջանը մարդասիրական մոտեցումներ ցուցաբերելու է գործարքի տեսքով, այն ժամանակ, երբ իրականացնի առեւտուր` քաղաքական պահանջների տեսքով: Եթե Հայաստանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգում առաջընթաց ապահովի, որպես ժեստ՝ Ադրբեջանն ազատ կարձակի հայ ռազմագերիներին: Տեղաշարժի հնարավորություններ այս առումով տեսնում եմ, պարզապես դրանք խիստ անկանխատեսելի են, որովհետեւ կապված են քաղաքական գործընթացների հետ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։