9 Փետրվարի, 2023

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն Նարեի ավագ եղբայրն է: «Բնավորությամբ շատ հանգիստ էր, ժպիտը միշտ դեմքին: Բոլորին ուզում էր ուրախացնել, կատակներ էր անում: Ամեն տարիքի մարդու հետ կարող էր շփվել, մեծի հետ մեծի պես, փոքրի հետ՝ յուրովի: Կատակասեր ու հումորով լինելուն զուգահեռ կարող էր նաև շատ լուրջ լինել»,-այսպես է սկսվում Նարեի ու իմ զրույցը, երբ սկսում ենք խոսել Վահեի մասին: Հարցնում եմ՝ եղբոր բնավորության ո՞ր գիծն է առաջինը մտաբերում, երբ մտովի տեղափոխվում է Վահեի հետ միասին անցկացրած օրեր: «Շատ նեղացկոտ էր»,

-նշում է

Նարեն, ու երկուսս էլ ակամա սկսում ենք ծիծաղել: Քույրիկը հավանաբար ինչ-որ դրվագ է վերհիշում, դե, իսկ նայելով Վահեի ժպտացող լուսանկարներին, մտովի փորձում եմ պատկերացնել՝ ծիծաղկոտ ու անդադար կատակող Վահեին, որը հանկարծ որոշում է բոլորից նեղանալ:

«Բայց նաև շատ համառ էր, եթե ինչ-որ բան ասում էր, ուրեմն իր ասածով պետք է լիներ»,- հավելում է Նարեն: Հետո արդեն տեղափոխվում ենք դեպի մանկություն: Վահեն ծնվել է 2001 թ.-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ էլ անցել է քույրիկի ու եղբոր մանկությունը:

«Ֆուտբոլ շատ էր սիրում՝ և՛ խաղալ, և՛ դիտել: Ամեն օր խաղում էինք»,-ասում է Նարեն: Դպրոցում Վահեն վատ չի սովորել՝ նորմալ գնահատականներով, քույրիկը հավելում է՝ շատ էր սիրում ֆիզկուլտուրա առարկան, բացի դա, տարբեր միջոցառումների էր մասնակցում, վիկտորինաներ, մրցույթներ, ասմունքում էր. «Վերջինին չէր ուզում մասնակցել, բայց երբ մայրիկն ասում էր, որ պետք է գնալ, գնում էր, մամային չէր մերժում, չէր ուզում նեղացնել ու անպայման մասնակցում էր միջոցառումներին»:

Վահեն սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Երևան և արդեն մայրաքաղաքի Գրիգոր Զոհրապի անվան համար 97 ավագ դպրոցում էլ շարունակել ու ավարտել է ուսումը: Քույրիկի խոսքով, եղբայրն ուզում էր հայրենի գյուղում սեփական բիզնես հիմնել, այն է՝ ոչխարաբուծությամբ զբաղվել. «Ասում էր՝ դա եկամուտ բերող բիզնես է: Իր նպատակները կապված էին սեփական բիզնեսի հետ: Մեկ էլ միշտ ասում էր՝ քաղաքում սեփական տուն կունենամ, դու ու մաման քաղաքում կապրեք, դուք քաղաքը սիրում եք, իսկ ես գյուղում բիզնեսով կզբաղվեմ: Բայց ինքը քաղաքը չէր սիրում, գյուղն էր շատ սիրում: Անգամ Երևանում՝ դպրոցում սովորելու տարիներին ուրբաթ օրերը պարտադիր գալիս էր գյուղ, հետո կիրակի վերադառնում քաղաք: Գյուղի հետ շատ կապված էր»:

Վահեի հայրական կողմի պապիկի եղբայրը՝ Վասակ Մխիթարյանը, զոհվել է 1992 թ.ին սահմանամերձ Այգեպար գյուղի պաշտպանության մարտերի ընթացքում։ Իսկ մորեղբայրը՝ Արթուր Մանուչարյանը, 1990-2007 թթ. ընթացքում ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, այժմ պահեստազորի սպա է, կապիտան։ Վահեն չէր կարող այլ հոգեբանությամբ ու մտածելակերպով մեծանալ, քան այն, որ հայրենիքից ավելի կարևոր արժեք չկա, իսկ զինվորական ծառայությունը պատիվ է: Վահեն 2019 թ. հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ, Արմավիրի մարզի ուսումնական 4-րդ գումարտակում ստացել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու տեղափոխվել Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս։ Վահեն տանկիստ էր: Քույրիկն ասում է՝ նախքան ծառայության մեկնելն այնքան ոգևորված էր, շատ էր ուզում ծառայել: «Ասում էր՝ իսկական տղեն պիտի ծառայի, ուրիշ տարբերակ չկա: Ժպիտը, որի մասին խոսեցինք, բանակի ու ծառայության մասին խոսելիս էլ իր դեմքից անպակաս էր: Երբ արդեն ծառայում էր, բնականաբար, ամեն օր մեզ հետ խոսել է: Երբեք որևէ առիթով չի դժգոհել, ամեն ինչից գոհ էր»:

Պատերազմի առաջին իսկ օրերից Վահեն ներգրավվել է պատերազմի մեջ: Քույրիկի խոսքով՝ ամեն օր զանգահարել է տուն, զրուցել, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, կռվի տեղից հեռու եմ, չեմ մասնակցում կռվին: Իհարկե, մեզ էր հանգստացնում, շատ հետո արդեն իմացանք, որ հենց առաջին օրից մասնակցել է ռազմական գործողություններին: Զանգում էր այնպիսի պահերի, երբ իր շուրջբոլորը լռություն էր լինում, որ հանկարծ պայթյունների ու կրակոցների ձայներ չլսենք»: Երբ Նարեի պատմածի հետ զուգորդում ես արդեն փաստական տվյալները, պարզ է դառնում հետևյալը. ժամկետային զինծառայող Վահե Մխիթարյանը 44-օրյա պատերազմի առաջին օրերից որպես տանկիստ մասնակցել է մարտական գործողություններին։ Նրա խիզախության մասին է փաստում հետևյալ դրվագը. թշնամուն պատճառել է մեծաքանակ մարդկային կորուստ, թափանցելով նրանց դիրքերը՝ առգրավել է երկու տանկ: Վահեն ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: 33 օր կռիվ է տվել թշնամու դեմ, նահատակվել է հոկտեմբերի 30-ի առավոտյան՝ ԱԹՍ-ի հարվածից»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս