31 Մարտի, 2023
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

Արցախի Հանրապետությունից մի քանի լեզվով տարածվող պարբերական տեղեկագրերը փաստում են, որ ադրբեջանական զինուժը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը արցախա-ադրբեջանական շփման գծում: Մարտի 29-ին էլ հերթական տեղեկատվությունը տարածվեց, որ օկուպացված Շուշիի հարակից շփման գծի հատվածում ադրբեջանցիները խախտել են հրադադարը:

Դրանից մի քանի ժամ անց միայն Արցախից տարածված այդ ահազանգը հաստատեց նաեւ ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկագրում: ՌԴ խաղաղապահ զորակազմը արձանագրում է հրադադարի խախտման դեպքերը, տեղեկացնում, որ կողմերի հետ քննություն է տանում հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, սակայն դրանց արդյունքների մասին այդպես էլ որեւէ հաղորդագրություն չկա:

Մյուս կողմից էլ, խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման ոչ բոլոր դեպքերն է կարողանում արձանագրել: Լինում են օրեր, երբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ են խախտում հրադադարը: Այսպես, միայն մարտի 26-ին շփման գծի երեք տարբեր հատվածներում ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը՝ Սուս գյուղի բնակիչներին թույլ չեն տվել խաղողի այգում էտման աշխատանքներ կատարել, Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակելով խոչընդոտել են ցորենի դաշտում աշխատանքներ իրականացնել եւ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում նռան այգիներում աշխատողների ուղղությամբ են անկանոն կրակ բացել: Հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրվում են շարունակական շրջափակման եւ շփման գիծն արդեն երրորդ անգամ խախտելու ֆոնին:

Մարտի 29-ի գիշերն էլ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Աղավնո եւ Տեղ գյուղերի միջնամասում գտնվող հատվածը: Այս ամենից հետո ադրբեջանական կողմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկում է հանդիպում կազմակերպել Բաքվում: Այդ երկրի քաղաքական ղեկավարության գործողությունները ոչ միայն չեն տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ, այլեւ արդեն աբսուրդի թատրոնի դրսեւորումներ են ստանում: Փաստացի պատերազմական գործողություններ իրականացնելով եւ ահաբեկելով Արցախի ժողովրդին՝ հարեւան պետության ղեկավարությունն առաջարկում է կողմերի հաջորդ հանդիպումը կազմակերպել Բաքվում: Կարելի է ենթադրել, որ վերջիններս համոզված են, թե արդեն չորրորդ ամիսը շրջափակման ենթարկելով Արցախը, շփման գծի երկայնքով պարբերաբար դիվերսիաներ կազմակերպելով եւ հրադադարը խախտելով, իրենց հաջողվել է արցախցիներին ահաբեկել, հետեւաբար, արդեն կարող են երկու երկրների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից առաջ իմիտացնել խաղաղ համակեցվողների սցենարը եւ բարեկամական հրավեր անել Ադրբեջանի մայրաքաղաք:

Բաքուն չի կարողանում ընկալել, որ իր գործողություններով արցախցուն ավելի վճռական է դարձնում իր իրավունքների համար պայքարում եւ հերթական փաստարկներն է ներկայացնում աշխարհին, որոնք ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի հետ մեկ պետությունում: Մյուս կողմից էլ պարզ է, որ Բաքվում հանդիպումն ակնհայտ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու, եւ այն օգտագործվելու է Արցախի ժողովրդի ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու նպատակով: Բաքվի այդ պարզունակ քայլին արձագանքեցին Արցախի իշխանությունները տարածած հայտարարության միջոցով: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ստացված առաջարկը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկում է հետապնդում, այլ երկխոսության խաթարում կամ սեփական օրակարգի պարտադրում:

Արցախից պատրաստակամություն են հայտնել շարունակել շրջափակման հետ կապված տեխնիկական եւ հումանիտար հարցերի քննարկումը, բայց նախկին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ եւ հիմնական տեղակայման վայրում: Անթույլատրելի համարելով Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումների օրակարգի քաղաքականացումը՝ պաշտոնական Ստեփանակերտը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված եւ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա եւ նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:

Մանրամասները՝ այսօրվա համարում:

kotayk

Լրահոս