2 Փետրվարի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե այս օրերին ինչ իրավիճակ է դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում: Հունվարի 19-ին փաստաբան Արսեն Բաբայանի կողմից տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան:

Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով եւ ինքնախոստովանություն արել, եւ հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը:

Այս օրերին ՍԴ դատավորները փակվել են իրենց սենյակներում, եւ միգուցե մի օբյեկտիվ դատավոր գտնվի, որ Սեդա Սաֆարյանի մասով դիմում ներկայացնի ՍԴ նախագահին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, եւ քննվի նրա վարքը: Սա միակ տարբերակը չէ. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները ներքին խոսակցություն են ունեցել, որ Ազգային ժողովը եւս կարող էր մամուլում տեղ գտած տեղեկության մասով դիմում ներկայացնել ՍԴ եւ պարզաբանում պահանջել՝ եղել է արդյոք նման բան, թե ոչ: Նկատենք՝ նման բան ԱԺ-ն կարող է անել 3/5-րդով, այսինքն՝ 64 ձայնով, ինչը ընդդիմությունը չունի, ՔՊ-ն էլ դժվար իր սիրելի դատավորի օրինախախտմանը ադեկվատ արձագանք տա:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ»:

Այսպիսով, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորների մեջ իսկապես օբյեկտիվ մարդիկ կան:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում;

Լրահոս