14 Փետրվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին վերադարձել է Մոսկվայից: Մի քանի օր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանն էր այնտեղ, նրանք կանչվել էին «Տիզբոն»՝ Արցախում ներքաղաքական վերջին լարվածություններից հետո։ Ասում էին՝ տարեսկզբին Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել էր հրաժարական տալ, քանի որ Լաչինի միջանցքը բացելու դիմաց ադրբեջանցիներն են նման պահանջ դրել։ Խոստացել էր ինքն էլ հրաժարական տալ․ Արցախում նոր ընտրություններով նոր իշխանություն թող հաստատվի։ Սակայն ինչ-ինչ բանակցություններից, որոշ տեղեկություններով՝ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո Վարդանյանը չկատարեց պահանջը, փոշմանեց նաեւ Հարությունյանը, քանի որ խաղաղապահները չէին երաշխավորել ընտրությունների ապահովում, ինչը պարտադիր է նախագահի հրաժարականից հետո։

ԱՀ գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո ազատ են արձակվում կառավարական կաբինետն ու խորհրդարանը, իսկ եթե այս ամենից հետո ընտրություններ չլինեին, կնշանակեր, որ անիշխանության վտանգ կա։ Հրաժարականի միջադեպը խաթարել էին Հարությունյանի եւ Վարդանյանի հարաբերությունները։ Արայիկ Հարությունյանը Մոսկվա մեկնելով հույս ուներ, որ Կրեմլը ընտրություն կկատարի իր ու Վարդանյանի միջեւ, վերջ կդրվի երկիշխանությանը, պառակտվածությանը։ Մինչդեռ երկու թիմերից ստացված ինֆորմացիան առանձնապես լավատեսություն չի ներշնչում․ Արցախում ստատուս-քվոն թերևս կպահպանվի, չի բացառվում, որ մոսկովյան այցը կողմերին որոշ ժամանակ զսպի, ու հրապարակային առճակատման մեջ չմտնեն, բայց խնդիրը, մեծ հաշվով, լուծում չի ստանում, ինչը նշանակում է, որ դիրքային պայքարը շարունակվելու է։

Արայիկ Հարությունյանը, Մոսկվայից վերադառնալուն պես, քաղաքական դաշտի խաղացողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, թե իբր Մոսկվան իր առջեւ կանաչ լույս է վառել, ինքն է Արցախում որոշում կայացնելու, բայցեւ անկեղծացել է, թե չի պատրաստվում ազատել Ռուբեն Վարդանյանին՝ նրան «նահատակ» դարձնելով։ Ռուբեն Վարդանյանն էլ վերադառնալուն պես իր թիմակիցներին է խորհրդակցության հրավիրել, խոսել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մասին։ Ասել է` բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն տարբեր սցենարային զարգացումներին, պետք է ձգտել միջանցքի բացմանը, բայց պետք է նաեւ մանրամասն հաշվարկել փակ միջանցքի պայմաններում Արցախի անվտանգության ու մարդկանց կենսապահովման  հնարավորությունները։ Մեր աղբյուրն ասում է, որ բառ անգամ չի խոսել իր հեռանալու, հրաժարական տալու կամ Արայիկ Հարությունյանի հետ փոխհարաբերությունների մասին։ Փոխարենը զբոսնել է Ստեփանակերտի փողոցներում, զրուցել արցախցիների հետ՝ ասես ոչինչ էլ չի պատահել։

Երրորդ աղբյուրներն էլ այլ բան են ասում․ Մոսկվան Արայիկ Հարությունյանի հրաժարականը չի ուզում ոչ թե այն պատճառով, որ չի կարող ընտրություններ ապահովել, այլ  չի ցանկանում սրել հարաբերություններն ադրբեջանցիների հետ․ նախագահը կողմ է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությանը, ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի։ ՌԴ-ում կարծում են, որ հիմա պատեհ պահը չէ՝ հակադրվելու Ադրբեջանին։

Ինչի՞ կհանգեցնի Արցախում երկիշխանությունը, դժվար է ասել։

ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով՝ Արցախում ոչ թե երկգլխանի իշխանություն է ձեւավորվել, այլ՝ անիշխանություն, ինչի մասին է վկայում փաստը, որ Արցախում ներիշխանական հարցերը լուծվում են ոչ թե ներսում, այլ՝ երկրից դուրս։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունն այսօր առաջնորդվում է հանրությանը պառակտելու՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։

«Եթե լիներ իշխանության երկու գլուխ, ապա դրանցից մեկը կաներ այնպիսի քայլեր, որ ժողովուրդը հասկանար եւ այս դժվարին պահերին կանգներ այդ «գլխի» կողքին»,- նշում է Գալստյանը։

Նրա տպավորությամբ՝ խնդիր է դրվել ներանձնային փոխհարաբերությունները դարձնել պետական խնդիր՝ այդպիսով պառակտելով հանրությանը․ «Եթե այսօրվա «իշխանություններն» իրապես մտահոգված են Արցախի ապագայով, ուզում են Արցախը հանել այս իրավիճակից, ապա կգնային ոչ թե ժողովրդին պառակտելու ճանապարհով, այլ մի կողմ կդնեին ներանձնային տարաձայնությունները եւ միասնաբար կլծվեն օրվա խնդիրների լուծմանը»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար սահմանադրական նոր փոփոխություններ, ապաեւ՝ նոր ընտրություններ են պետք․ «Նոր ընտրություններով նաեւ համայն աշխարհին ցույց կտանք, որ, ի հեճուկս որոշների ցանկության, Արցախը կա, իր բոլոր ինստիտուտներով համապատասխանում է անկախ պետության չափանիշին, բայց իշխանական եւ նրանց մոտ շրջանակները, որոնք չեն կարող վերարտադրվել, կեղծ պնդումներ են անում, թե իբր այս իրավիճակում ընտրություններ հնարավոր չէ անել։ Մենք 90-ականներին հրետակոծությունների տակ հանրաքվե ենք անցկացրել, նաեւ՝ ՏԻՄ ընտրություններ»։

ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսեյանը վրդովվեց մեր հարցադրումից՝ ո՞վ է ասում, որ Արցախում երկիշխանություն  է․ «Ենթադրություններ են դրանք»։

Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ չէ Ռուբեն Վարդանյանի եւ ԱՀ նախագահի, նրանց թիմակիցների հրապարակային փոխհրաձգություններից։

«Ես կարծում եմ, որ Արցախին միասնություն է պետք, ու բոլորը պետք է դա հաշվի առնեն, այդքան բան»։ Ի վերջո, կա՞ն, թե՞ չկան թիմային անհամաձայնություններ։ «Չգիտեմ․․․ Ես ասում եմ՝ միասնականություն է պետք, ու բոլորը պետք է իրենց ականջներին օղ անեն․․․ Դժվար է ասել՝ կա, թե չկա միասնականություն, ինչի՞ց եք ենթադրել, որ չկա»,- շարունակեց պատգամավորը։ Արցախում կա՞ նոր ընտրությունների հանրային պահանջ՝ հարցրինք։ «Այս պահին ընտրությունների մասին խոսելը մի քիչ վերապահումով կլինի։ Ո՞վ է երաշխավորողը, եթե երաշխավոր լինի, պահանջ կա, բայց վստահ չեմ, թե երաշխավորված է»։ 90-ականների հանրաքվեի մասին հիշեցրինք։

«Ես վստահ չեմ, որ հիմա ընտրությունները  ճիշտ են, վստահ էլ չեմ, որ սխալ է, իրավիճակն ինքն է թելադրում»,- ասաց ՀՅԴ-ականը՝ շարունակելով․ «Երկու տարի առաջ դա պետք է լիներ ու ավարտվեր, երկու տարի առաջվա եւ այսօրվա իրավիճակները տարբեր են»։ Թե ինչով՝ պատգամավորը չմանրամասնեց։ ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի հիմնադրած ԱԺԿ-ից չցանկացան պատասխանել մեր հարցերին, խմբակցության ղեկավար Դավիթ Մելքոնյանը, լսելով հարցերը, ասաց, որ այս պահին հարմար չի գտնում խոսել»:

 

 

Լրահոս